Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայն հավաքել է ԲՀԿ-ն՝ ցուցակի առաջին համար և քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ։ Նա, սակայն, չի կարողացել հաղթահարել ձայների 50 տոկոսի շեմը։ 

Հիշեցնենք, այստեղ մասնակցում էր չորս ուժ՝ ԲՀԿ-ն, ՔՊ-ն, ՀՅԴ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը։

ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով՝ ԲՀԿ-ն ստացել է 10 403 ձայն կամ ձայների 46,1 տոկոսը։ ՔՊ-ն է ստացել է 8261 ձայն կամ ձայների 37 տոկոսը։ Երրորդ ամենաշատ ձայն հավաքածը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 2696 ձայնով կամ 12 տոկոսով, իսկ չորրորդ տեղում Դաշնակցությունն է, որն ստացել է 1158 ձայն կամ ընդհանուր ձայների 5,1 տոկոսը։

Սա նշանակում է, որ քաղաքապետ պետք է ընտրվի և իշխանություն ձևավորվի կոալիցիայի միջոցով։ ՔՊ-ն ու «Հանրապետությունը», որի թեկնածուն Էմիլ Հարությունյանն է՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) զարմիկը։ Նրանք թեև ժամանակին եղել են Ծառուկյանի թիմակիցը, սակայն այսօր լուրջ հակասություններ ունեն ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի, ըստ այդմ՝ նաև Էդուարդ Բաբայանի հետ, և նրանց թեկնածու Էմիլ Հարությունյանի քարոզարշավի ժամանակ էլ հայտարարել են, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիան բացառում է։ Այսինքն՝ պատրաստ է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ։

ԲՀԿ-ում էլ, բնականաբար, Էմիլի հետ կոալիցիան են բացառում, նաև ՔՊ-ի, բնականաբար, ինչը երեկ Hraparak.am-ի հետ զրույցում հայտաարարել էր նաև Էդուարդ Բաբայանը։ Ուստի Աբովյանում իշխանություն կարող է ձևավորվել, եթե իրար հետ կոալիցիա կազմեն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք միասին ունենում են ձայների 51.2 տոկոսը, իսկ ՔՊ-ի և «Հանրապետության» ձայների միավորումից ընդամենը 49 տոկոս արդյունք է ստացվում։ 

Նկատենք, որ ԲՀԿ-ում դեմ չեն ՀՅԴ-ի հետ կոլիցիա կազմելուն, ավելին՝ այլ տարբերակ էլ չունեն։ Ու թեև կողմերը դեռ պաշտոնապես այս մասով որևէ բան չեն հայտարարել, բայց Աբովյանում, ըստ էության, իշխանությունը կձևավորվի ՀՀԿ-ի հետ երբեմնի կոալիցիոն երկու դաշնակիցների կոալիցիայի արդյունքում։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն