ՏԻՄ ընտրություններում իշխանությունը մոբիլիզացրել է իրենց ողջ վարչական ռեսուրսը, բայց այդ ամենով հանդերձ պարտվել են։ Այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«ՏԻՄ ընտրությունների արդյունքներին ամենալավ գնահատականը թերևս տվել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով, որ ՔՊ կուսակցությունը ձախողել է այս ընտրությունները։ Ճիշտ է, ինքը փորձել է դա արդարացնել նրանով, որ իրենք զբաղված են եղել արտաքին անվտանգային մարտահրավերներով, ավելի կարևոր գործեր են ունեցել և ըստ իրենց՝ վատ արդյունք են գրանցել, քանի որ ընտրակաշառք չեն բաժանել ու խախտումներ տեղի չեն ունեցել, բայց ես հիշեցնեմ, որ ՏԻՄ ընտրությունների նախօրյակին՝ թե հիմա, թե նոյեմբերին պետությունն իբրև թե պատահաբար սոցիալական աջակցության քսակն էր բացել, դա փորձում էր ներակայացնել, թե որևէ կապ չի ունեցել ընտրությունների հետ, բայց որևէ բան պատահական չէ։ Նաև խոշորացվող փնջերը շատ հաճախ այնպես են կազմվել, որպեսզի իրենք կարողանան հնարավորինս ավելի շատ ձայներ հավաքել, որն էլի պատահական չէ։ Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ հալածանքներ են տեղի ունեցել»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ 36 համայնքներից ընդամենը 15-ում է ՔՊ կուսակցությունը կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կարողանա միանձնյա տեղական իշխանություն ձևավորել։ Իսկ 21 համայնքում ոչ իշխանական ուժերը՝ 8-ում միայնակ, իսկ 13-ում կոալիցիայով կարող են կազմել մեծամասնություն։

«Փաստենք, որ Փաշինյանը, ով 2018 թվականի ընտրությունների համեմատ 2021 թվականին կորցրեց 200 հազարից ավելի ձայն, շարունակում է պարտվել, պարտվել է Կապանում, Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, և սա շարունակական գործընթաց է։ Եվ եթե ինքը խոսում է, որ՝ ունենք ժողովրդի մանդատ, և այդ ժողովուրդը մեզ քարտ բլանշ է տվել անել այն, ինչ ուզում ենք, կամ, ինչպես իրենք են ասում, խաղաղության դարաշրջան բացենք, տեսնում ենք, որ այդ մանդատը քիչ-քիչ նվազում է։ Եվ եթե այսպես շարունակվի, շատ շուտով մենք կտեսնենք, որ ընդհանրապես որևէ աջակցություն չունի»,- հավելեց նա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն