Սյունիքի մարզի բազմաթիվ գյուղեր այսօր անվտանգային խնդիրներին զուգահեռ՝ ունեն նաև ճանապարհների խնդիրներ՝ պայմանավորված այլընտրանքային ճանապարհների հետ։ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում և Կապան-Ճակատեն հատվածում թշնամու կողմից մաքսակետեր դնելուց հետո այդ ճանապարհները փակվեցին հարակից գյուղերի բնակիչների համար, նրանք ստիպված սկսեցին օգտվել այլընտրանքային ճանապարհներից, որոնք երթևեկելի են միայն ամենագնացների համար։ Ըստ սյունեցիների, ձմռանն այդ ճանապարհները դժվարանցանելի են դառնալու նաև ամենագնացների համար։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանն ասաց, որ այսօր սրաշենցիները մարզկենտրոն են հասնում միայն ամենագնացներով՝ «Նիվա» և «Վիլիս» մակնիշի ավտոմեքենաներով։

«Հիմա այդ այլընտրանքային ճանապարհը կառուցելու աշխատանքներն ընթացքի մեջ են, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Հիմա չեմ կարող ասել, որ ձյուն գա՝ ինչ խնդիրներ կլինեն, հուսանք՝ մինչև ձյան գալն այդ ճանապարհը մեզ ավելի հասանելի կլինի»,- ասաց Անահիտ Բաղդասարյանը։

Ըստ նրա, գյուղում ընդհանուր իրավիճակը նորմալ է, խուճապային տրամադրություններ չկան։

«Հիմա մեզ մտահոգում է ճանապարհը, բայց քանի որ աշխատում են, մարդիկ կարողանում են հասնել մարզկենտրոն։ Վերջերս ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ հիմնականում բարձրաձայնել ենք ճանապարհների խնդրի մասին։ Հիմնական խնդիրը շարունակում է մնալ ճանապարհի հարցը, նաև տրանսպորտի խնդիրն է, որ մարդիկ կարողանան գնալ-գալ, քանի որ արդեն ճանապարհն այն չէ, տրանսպորտը խնդիր է դարձել»,- հավելեց նա։

Միաժամանակ նա նկատեց՝ գյուղի դպրոցում աշխատող ուսուցիչներից որոշներն այլ տեղերից են հասնում Սրաշեն, գյուղ հասնելու համար մեծ խնդիրներ կային սկզբում, սակայն այժմ խնդիրը լուծվել է, և ուսուցիչները կարողանում են հասնել Սրաշեն։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն