Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրանցած հաջողությունները՝ մասնավորապես Կոտայքում, ոգևորել է թիմակիցներին։

Շիրակի մարզի խոշորացված Աշոցք համայնքում «Բարգավաճ Հայաստան» -ը նույնպես մասնակցում էր ընտրություններին։ Աշոցքում իշխանության համար պայքարում էին երկու քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Քաղաքացիական պայմանագիր»-ը։  Նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցել է 3507 մարդ, որից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 2316-ը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 1090 ձայն: Արդյոք գոհացուցիչ է այդ արդյունքը ԲՀԿ-ի համար: Կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Արմեն Բադեյանի հետ զրուցել չհաջողվեց։ Զրուցեցինք Գյումրու ԲՀԿ տարածքային կառույցի ներկայացուցիչ Հասմիկ Վիրաբյանի հետ ։

- Գյումրու ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն պասիվ կեցվածք դրսևորեց, չառաջադրվեց, իսկ ահա Աշոցքում մասնակցություն ունեցաք, կադրայի՞ն խնդիրն էր պատճառը։

- Գիտեք, ավելի քան մեկ ու կես տասնամյակի պատմություն, կուսակցականների բավականին նշանակալի բանակ ունեցող կուսակցության համար կադրային խնդիր, ինքնին հասկանալի է, որ չկա։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, եւ նորից եմ երկրորդում, որ մեզ համար խնդիր չէր դրված օրինակ անպայման առաջադրվել Գյումրիում, որովհետեւ Հանրապետության երկրորդ քաղաքն է, կամ որեւէ բնակավայրում։ Հիմա ինչպես գիտեք, ապրում ենք բավականին ոչ միանշանակ ու երբեւէ նախադեպը չունեցած հետպատերազմական իրականությունում, որում մենք հաղթող կողմը չենք, եւ մեզ համար էլ, որպես կուսակցություն, որպես քաղաքական ուժ կարեւոր էր այսպես ասած՝ «լայն ճակատով» ընտրապայքարի մեջ մտնելուց դադար վերցնելն ու իրավիճակը վերլուծելը, ժողովրդի տրամադրությունները հասկանալը, ընդհանուր մթնոլորտը գնահատելը։ 

- Այս անգամ հաջողություններ ունեցաք, լավ աշխատանքի արդյո՞ւնք էր։

Շիրակի մարզում արդյունքը գոհացնո՞ղ է։

- Կուսակցական աշխատանքը, իմ խորին համոզմամբ, ինչը եւ այս ամիսների ընթացքում ես տեսել եմ ԲՀԿ-ում, «քաղաքական սեզոնայնություն» չի ենթադրում, այսինքն՝ լավ աշխատելը ամենօրյա աշխատանքային ռեժիմ է։ Այնտեղ, որտեղ առաջադրվել ենք, այնտեղ, որտեղ հաջողություն ենք գրանցել, դա եւ մեր աշխատանքի արդյունքն է՝ լինի դա իմ հարազատ Շիրակի մարզում, կամ այլ մարզերում, եւ մեր ժողովրդի քաղաքական տրամադրվածության արդյունքը։ Ի վերջո, որքան էլ լավ աշխատես որպես կուսակցություն կամ քաղաքական գործիչ, այնուհանդերձ, որոշողը քաղաքացին է, եւ ինքն է քվե տվողը, իսկ հիմա այդ քաղաքացին բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած, ոչ միայն սոցիալ-տնտեսական, կամ անվտանգային, կամ բարոյահոգեբանական, այլ, ինչպես ընդունված է ասել՝ այդ քաղաքացին ինքնության ճգնաժամ է ապրում եւ կամաց-կամաց փորձում է հաղթահարել այն։ Դա նման է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդին։ Այնտեղ, որտեղ օրինակ մենք հաջողվել ենք, այդտեղ հասարակության ինտենսիվ թերապիային հատուկ բժշկական միջամտությունն արդեն արդյունք է տալիս, եւ մարդիկ սկսում են կամաց-կամաց ուշքի գալ։

- Չեք կարծում, որ Կոտայքի մարզում, մասնավորապես Աբովյանում այդ հաջողությունը կապված է հենց Գագիկ Ծառուկյանի անվան հետ։ 

- Գիտեք, խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանին սխալ կլինի դիտել լոկալ մեծության գործիչ եւ դրանով պայմանավորել օրինակ Աբովյանում ԲՀԿ տարած հաղթանակը։ Որեւէ տեղում, Հանրապետության որեւէ բնակավայրում եթե հաջողվում ենք, ապա այդ հաջողության մեջ մեր քաղաքական առաջնորդ պարոն Գագիկ Ծառուկյանի անունն ու հեղինակությունը, անշուշտ,  իր վճռական դերակատարությունն  ունենում է։ Ավելի մանրամասնեմ։ Այնտեղ որտեղ մեր սիրելի ժողովուրդը, արդեն սկսել է թոթափել «ինքնության ճգնաժամը», վերականգնում է նաեւ իր պայմանական ասած «քաղաքական հիշողությունը» եւ նաեւ «ԲՀԿ»-ի՝ որպես կուսակցության՝ ամենօրյա լավ աշխատանքն էլ դրան գումարած, բերում է հաջողության։ Կուսակցությունը ընտանիք է, որն ունի իր գլուխը, եւ «ԲՀԿ» դեպքում, այդ քաղաքական ընտանիքի գլուխ կանգնած է Գագիկ Ծառուկյանը, եւ բոլորս, սկսած ինձանից մեր մարզում կամ մարզի մյուս պատասխանատուներից մինչեւ մյուս մարզերի պատասխանատուները, լծված ենք ընդհանուր գործի, ու այդ ընդհանուր գործի մեջ մեր ներդրումն ենք ունենում ըստ մեր ունեցած հնարավորությունների, կարողությունների։ 

- Մի՞թե Գյումրիում էլ հնարավոր չէր նոր մարտավարություն կամ մեխանիզմ մշակել՝ սկսած կադրային թարմացումներից, որպեսզի կարողանայիք մասնակցել եւ որոշակի հաջողություն գրանցեիք։ 

- Լինի դա Գյումրիում կամ այլ համայնքում, ինչ մարտավարություն էլ ընտրես, ինչ մեխանիզմ էլ մշակես, արդեն ասացի՝ վճռորոշը քաղաքացիների քաղաքական տրամադրություններն են, ընդհանուր բարոյեհոգեբանական վիճակը, որոնց ազդեցությամբ քաղաքացին որոշում է կայացնում ու իր քվեն տալիս այս կամ այն կուսակցությանը։ Մեզ համար, նորից կրկնեմ, կարեւոր է հիմա հասկանալ հասարակության տրամադրությունները նաեւ Գյումրիում, իսկ այն մանրակրկիտորեն ուսումնասիրել, վերլուծել, գնահատել հնարավոր է միայն «լայն ճակատով» ընտրապայքարին չմասնակցելով։ Ուստիեւ, ինչպես արդեն ասացի, որոշեցինք Գյումրիում չմասնակցել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն