Վրացագետ Ջոնի Մելիքյանը դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցը՝ կարևորելով երկու երկրների միջև ակտիվ երկխոսությունը հատկապես տարածաշրջային տրասնֆորմացիաների համատեքստում:

«Քաղաքական հայտարարությունները, որոնք մենք լսեցինք վրացական կողմից այս այցի շրջանակներում, ցույց են տալիս Վրաստանի շահագրգռությունը Հայաստանի հետ ակտիվ օրակարգ ունենալու, հարաբերությունները զարգացնելու և խորացնելու հարցում:

Կարևոր էր նաև այն, որ տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակներում ամփոփվեց երկու երկրների համագործակցությունը վերջին երկու տարում: Նկատենք, որ նիստը նախագահում էին երկու կառավարությունների ղեկավարները, ինչը նոր էլեմենտ է և գուցե միտված էր ցույց տալու այս հարաբերությունների կարևորությունը, որն առկա է երկու երկրների ղեկավարների մոտ»,- 168.am-ին մանրամասնեց Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի քննարկումների օրակարգին՝ վրացագետն առանձնացրեց մասնավորապես առևտրատնտեսական, էներգետիկ համագործակցությանը, ենթակառուցվածքների համատեղ նախագծերին վերաբերող հարցերը և Վրաստանի հանրակրթական հաստատություններում հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչներին ատեստավորման գործընթացում ընդգրկելու փոխհամաձայնությունը:

«Երկու երկրների համագործակցության շրջանակներում գալիք 4-5 տարիների կտրվածքով 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառությանը հասնելու շեմ ունենք սահմանված»,- շեշտեց նա:

Հարցին՝  արդյո՞ք վրացական կողմի ակտիվությունը պայմանավորված է նաև հանգամանքով, որ Վրաստանը ենթակառուցվածքների սպասվող ապաբլոկադավորման հետևանքով կորցնելու է իր մենաշնորհային դիրքերը՝ հայտնվելով «խաղից դուրս» վիճակում, Ջոնի Մելիքյանը պատասխանեց.

«Ապաշրջափակումը մի կողմից կարող է տնտեսապես բացասականորեն ազդել Վրաստանի վրա, բայց մյուս կողմից՝ տարածաշրջանի ակտիվ զարգացումը, նոր ենթակառուցվածքային նախագծերը կտան նոր հնարավորություն տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Այս պարագայում Վրաստանի իշխանությունները հասկացել են, որ անխուսափելի են տարածաշրջանային փոփոխությունները, որոնք ոչ միշտ են իրենց համար բարենպաստ, դրա համար պետք է լինել պրոակտիվ, հանդես գալ նոր նախաձեռնություններով, որպեսզի կորուստների պարագայում՝ այդ կորուստները կոմպենսացվեն և, միգուցե, էլ ավելին ստանան, քան կորցնում են»:

Այս գործընթացների համատեքստում որքանո՞վ է հավանական, որ Վրաստանն ինչ-որ պահից միանա նաև «3+3» ձևաչափին՝ հարցին ի պատասխան էլ՝ վրացագետը պարզաբանեց.

«Վրաստանն իր չմասնակցությունն այս կոնսուլտատիվ ֆորմատին այսօր կոմպենսացնում է ակտիվ օրակարգ պահելով առնվազն ձևաչափի երեք երկրների հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի: Ապագայում, երբ ընձեռվի հնարավորություն, իմ կարծիքով, Վրաստանը շահագրգռված է և կմասնակցի այս պրոցեսներին: Նրանք ուզում են հասկանալ, թե այդ ֆորմատն ինչ օրակարգ կձևավորի, և ինչ ուղղությամբ կշարունակվեն աշխատանքները:

Բայց այսօր կա խոչընդոտ. Արևմուտքը դժգոհ է այս նախաձեռնությունից, այն փաստից, որ նախաձեռնության մեջ երկրները սահմանափակվում են տարածաշրջանով, և Արևմուտքը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից դուրս է թողնվում, ինչը Վրաստանի համար անընդունելի է:

Այստեղ հարցի լուծումը հետևյալն է, երբ Արևմուտքը հարկ համարի, որ Վրաստանը մասնակցի այդ ֆորմատին, այդ մասնակցությունն այդ ժամանակ տեղի կունենա»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում էր՝ մասնակցելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որը միտված է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն