Երկխոսություն՝ պահանջներով․ ռուս-ուկրաինական բախումը կանխատեսում են փետրվարին
Փետրվարի 1-ին տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Ռուսաստանը Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ և, մասնավորապես, հստակ խոստում, որ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին: Արևմուտքը շարունակում է մերժել է Մոսկվայի պահանջները, սակայն նշել է, որ պատրաստ է շարունակել բանակցություններն անվտանգության հարցերի շուրջ:
Ուկրաինայի տարածքում փետրվարին հնարավոր է ռուս-ամերիկյան լարվածությունն ավելի աճի` ամերիկյան քաղաքագիտական շրջանակների կանխատեսումն է։
Ըստ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի` կողմերը վաղուց արդեն հատել են թույլատրելի «կարմիր գծերը», և հիմա սկզբունքային որոշ զիջումների մասին կողմերի հնարավոր պայմանավորվածություններն ընդամենը ժամանակ շահելու համար են։ Վաշինգտոնը մերժել է Ռուսաստանի պահանջը դեպի Արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը կանխելու և Դաշինքին Կիևի անդամակցությունը բացառելու վերաբերյալ, սա է, ըստ էության, այն կարմիր գիծը, որը հատել է ամերիկյան կողմը։ Մոսկվան էլ իր հերթին չի հրաժարվում նախապայմաններից` Հյուսիսատլանտյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ից, պահանջելով հեռացնել դաշինքի ռազմական ենթակառուցվածքը 1997 թվականից հետո ՆԱՏՕ-ին անդամակցած երկրների տարածքից և բացառել Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությունը դաշինքին։
Արևմուտքն, ըստ էության, մերժում է Մոսկվայի պահանջները, միևնույն ժամանակ չի բացառում դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու հնարավորությունը` հայտարարելով՝ պատրաստ է հաշվի առնել ռուսների մտահոգություններն ու շարունակել բանակցություններն անվտանգության հարցերի շուրջ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյան․ «Ամերիկյան իշխանությունները վստահ են` ռուս-ուկրաինական բախումն անխուսափելի է, իսկ թե ով է առաջին քայլն անելու՝ դժվար է կանխատեսել»։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը չի բացառում, որ նման զարգացումների դեպքում Թուրքիան և Ադրբեջանը կօգտվեն ուկրաինական ճակատում Ռուսաստանի ներգրավվածությունից` որոշակի գործողություններ սկսելով նաև Հարավային Կովկասի տարածքում։
«Ակնհայտ է, որ նման դեպքերում սովորաբար փորձ է արվում կողմերի հնարավորությունը, ուժերը ջլատել։ Չեմ բացառում, որ Թուրքիան, հաշվի առնելով, որ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական ճակատով, Ադրբեջանի միջոցով փորձ անի ուժով լուծել Սյունիքում «միջանցքի» հարցը։ Ուկրաինայում ՆԱՏՕ-Ռուսաստան հնարավոր ռազմական բախումն էականորեն ազդելու է Հարավային Կովկասի փխրուն կայունության վրա»։
Այս ընթացքում Վաշինգտոնը Մոսկվային գրավոր պատասխանում շարունակում է պնդել և պաշտպանել ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականությունը»` հիմնավորելով հիմնարար սկզբունքների մասին դրույթով, ըստ որի` յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ինքնուրույն ընտրել այն դաշինքը, որին ցանկանում է անդամակցել։ Ամերիկյան շրջանակները համարում են, որ իրենց դիրքորոշումը Ուկրաինայի հարցում հստակ է, «գնդակը Ռուսաստանի դաշտում է»` ասում են։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վստահ է` Ռուսաստանն էլ իր հերթին է շարունակելու մատնանշել անվտանգային նույն խնդիրները, ինչի մասին արդեն խոսվել է։
«Ռուսաստանը սկզբունքային իր դիրքորոշումները ներկայացնելու է, բայց չմոռանանք, որ բացի գրավոր պատասխանից՝ նաև բանակցային գործընթացը շարունակվում է, այդուհանդերձ «կարմիր գծերից» հետ դարձի ճանապարհ չկա»։
Փետրվարի 1-ին Ռուսաստանի և Ամերիկայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի սպասվող հեռախոսազրույցում ո՞րը կլինի կողմերի զիջումը միմյանց՝ դժվար է կանխատեսել, «Ռադիոլուր»-ի զրուցակցի` Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ ժամանակ շահելը հարցի լուծում չէ, Ուկրաինայի տարածքում կայուն հրադադարը պետք է գործի առանց նախապայմանների։
hy.armradio.am



















