Մխիթարյան միաբանությունում պահվող պարբերականները թվայնացվում են
Մխիթարյան միաբանության ժառանգության մի մասն այսուհետև հասանելի կլինի համացանցում։ Գործարկվել է միաբանության թվային գրադարանը , որտեղ ներկայացված են են 1794-1920 թվականներին տպագրված հայկական պարբերականների թվային տարբերակները։
Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրած գրքերից, քան հայ ֆիդայիների զենքերից ՝ ինչ–որ առիթով ասել է Սուլթան Համիդը՝ դիպուկ գնահատելով Մխիթարյան միաբանության առաքելությունը։ Իր 300 –ամյա պատմության ընթացքում կառույցը կրոնական, հայագիտական, բառարանագիտական ու թարգմանչական մեծ ժառանգություն է կուտակել։
Դրա մի մասը այսուհետև հասանելի կլինի համացանցում։ Միաբանությունը սկսել է թվայնացնել գրադարաններում պահվող հայ մամուլի 1794-1920թթ․–ի հավաքածուները։ Նախաձեռնությունն իրականացնում են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանը։
Գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանի խոսքով՝ թվայնացման գաղափարը եղել է դեռ 2015–ին, սակայն նախաձեռնությունը գործնական փուլ է մտել է 2019–ին։ Զարգարյանն ասում է՝ հետաձգման մի շարք պատճառներ են եղել, բայց ի վերջո հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի ու գործը կյանքի կոչել։
«Մամուլի լավագույն հավաքածուն 19-20–րդ դարի սկզբներին պահվում էր Վիեննայում։ Մեր մամուլն էլ բավականին «քրքրված է»,իսկ այնտեղ իրենց ավանդական գրադարան է։ Քննարկումները մի քիչ երկար տևեցին, բայց 2019 թ–ից «Գյուլբենկյան» հիմնադրամը համոզվեց, որ սա իրատեսական նախագիծ է և գումարներ տրամադրեց թվայնացման համար»։
Զարգարյանն ասում է, որ նախապես որոշվել է թվայանացնել մինչև 1920-ական թվականները տպագրված թերթերը, սակայն հույս ունի, որ կթվայնացվի նաև ավելի ուշ՝ 1930-ականներին հրատարակված մամուլը։
«Այդ ժամանակահատվածում մամուլի էջերում շատ հետաքրքիր դեպքեր են արձանագրվել։ Գաղափարական կաղապարներից ելնելով՝ Խորհրդային Միությունը պարզապես արգելել է դրանց մուտքը Հայաստան, գալու դեպքում էլ դրանք ոչնչացվել են։ Այդ շրջանի թերթերը թվայնացնելուց հետո հետաքրքիր իրադարձությունների մասին կարող ենք տեղեկանալ»։
Զրուցակիցս ինքը այդ շրջանում տպագրված երկու նոր թերթ է հայտնաբերել՝ մեկը հայերեն, մյուսը՝ հայատառ թուրքերեն։ Դրանցում տեղ են գտել հոդվածներ, թե ինչպես է մամուլը հետապնդվում, ինչպես է փակվում այս կամ այն թերթը, հետո այլ անունով նորից հրատարակվում։
Մխիթարյան միաբանության Վիեննայի Ավագ մենաստանի գրադարանի հավաքածուից 400 հազար էջ արդեն թվայնացվել է։ Թվային գրադարանում նախատեսվում է ունենալ 112 անուն թերթի էլեկտրոնային տարբերակները, դրանցից 37–ն արդեն թվայնացվել է։
«Պետք է այցելեն arm.mechitaristlibrary.org կայք,որտեղից արդեն հղումները գնում են դեպի թվային գրադարան, թերթերի պարագայում ըստ օրերի, իսկ ամսագրերի պարագայում՝ ըստ համարների։ Իսկ պրոֆեսիոնալ գրադարանավարների համար կան նաև մատենագիտական գրառումների շտեմարաններ, որտեղ նշվում է, թե ովքեր են խմբագրել թերթը, որ տպարաններում է այն տպվել, որ թվականներին է տպագրվել, ինչ շարժ է ունեցել, քանի որ թերթեր ունեք, որոնք քաղաքներից քաղաք են պտտվել»։
Հայկական մամուլի թվային հավաքածուները հասանելի են անվճար:
hy.armradio.am