3 բուհի խորհուրդների ձեւավորման ընթացքը կանգ է առել. նախարարությունը սպասում է Սահմանադրական դատարանի որոշումներին
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի դիմումով Սահմանադրական դատարանն այսօր կասեցրել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների վերաբերյալ Կառավարության նոր որոշումը:
ՍԴ որոշումը, սակայն, դեռ վերջնական չէ եւ գործի ելքը չի որոշում, որովհետեւ կասեցվել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին:
Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 4-ի որոշմամբ փոփոխության է ենթարկվել հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ պետք է ունենան, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որոնցից 5-ը՝ ուսանող: Այս որոշումը վերաբերում է 12 բուհերից 3-ին (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան), մյուս 9-ի մասով այն դեռ նախագծային տարբերակում է:
Կառավարության այս որոշումը բուռն հակազդեցություն էր առաջացրել հատկապես Երեւանի պետական համալսարանում, որի ներկայիս խորհուրդը որոշել էր դրա գործողությունը կանխելու նպատակով նաեւ ՄԻՊ-ին դիմել: Նոր որոշումը գնահատվում էր բուհի ինքնավարության ու ազատության դեմ ուղղված քայլ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարում ոլորտին վերաբերող երկու իրավական ակտ կա, եւ անհամբերությամբ կսպասեն դատարանի որոշումներին: Այս պահին Կառավարության որոշման հետ կապված որեւէ գործողություն նախարարությունը չի անելու, որովհետեւ ՍԴ որոշմամբ կասեցվել են վիճարկվող դրույթները մինչեւ գործի դատաքննության ավարտը:
Հիշեցնեք, որ բացի նշված որոշումից, ՍԴ-ում, այս անգամ՝ նախագահի դիմումի հիման վրա, վիճարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որում առաջարկվում էր բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման բոլորովին այլ համամասնություն (խորհրդի 9 հոգանոց կազմում 5-ը պետք է ներկայացնեն հիմնադիր ու լիազոր մարմինը, 4-ը՝ բուհը): Այս հարցով նիստը լինելու է ավելի շուտ՝ հուլիսի 20-ին: Եվ ստացվում է, որ եթե ՍԴ-ն չբավարարի նախագահի դիմումը եւ գտնի, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը, Կառավարության նոր որոշումը կարճատեւ կյանք կունենա, որովհետեւ օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան որոշումը:
Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մինչ այժմ երեք բուհերի մասով կանոնադրությունը մտել էր ուժի մեջ եւ դեռեւս ընթացքի մեջ էին խորհրդի անդամների առաջադրումները:
«Նախապատրաստական աշխատանքներ էին գնում, առաջարկել էինք թեկնածուներ ներկայացնել, բայց վերջնական կազմ չի ձեւավորվել, չի հաստատվել: Քանի որ ՍԴ աշխատակարգային որոշմամբ կասեցվեց Կառավարության որոշումը 3 բուհերի մասով, մենք այսուհետ որեւէ գործողություն չենք կարող եւ իրավունք չունենք անելու»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ մյուս 9 բուհերի մասով ինչ է նախատեսվում,ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալը նշեց, որ մյուս 9 բուհերի խորհուրդները փոփոխելու որոշումը նախագծային տարբերակով է, հետեւաբար այդ բուհերի ճակատագիրը եւս կախված կլինի ՍԴ որոշումից:
Լուսինե Գրիգորյանը նույնպես նշեց, որ տրամաբանական կապ կա ՍԴ-ում վիճարկվող երկու իրավական ակտերի վերաբերյալ որոշումների միջեւ, որովհետեւ ինչ դիրքորոշում ունենա ՍԴ-ն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի մասով, ենթադրվում է, որ նույնը կարտահայտվի նաեւ Կառավարության որոշման վերաբերյալ: Ուստի իրենք սպասում են ՍԴ 2 որոշումներին: Իսկ եթե ՍԴ-ն գտնի, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա իրենք կառաջնորդվեն օրենքով, որի անցումային դրույթներով նախատեսված է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները ձեւավորվելու են նոր օրենքով նախատեսված կարգով՝ նոր՝ 5/4 համամասնությամբ:
Հիշեցնենք, որ ՍԴ-ում վիճարկվող այս երկու իրավական ակտերը արժանացել էին մի շարք կառույցների քննադատությանը: Մասնավորապես՝ դրանց հետ կապված իրենց սկզբունքային անհամաձայնությունն էին հայտնում Ռեկտորների խորհուրդը, ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ ուսխորհուրդը, ՄԻՊ-ը: