Սիգահետը վնասակա՞ր է։ Սփոյլեր՝ այո, շատ։ Երբ այն այրվում է, առաջանում է ծուխ, մեջը՝ 6000-ից ավելի նյութ, որոնցից մոտ 100-ը մարդու օրգանիզմի համար վնասակար են և թունավոր։ Սիգարետի տուփերի վրա հաճախ տեսնում ենք սևացած ու ախտահարված թոքերի զարհուրելի պատկերներ․ երբ ծխողը տարիներով ներքաշում է սիգարետի ծուխը, այն թոքերում նստվածք է թողնում։ Ապացուցված է, որ օրական 20 սիգարետ ծխողը տարիների ընթացքում իր թոքերում կուտակում է մոտ 6 կգ խեժ։ Իսկ ի՞նչ է խեժը, ինչու՞ են սիգարետի տուփի վրա պարտադիր նշում խեժի չափն ու ինչու՞ է այն վնասակար, փորձում ենք հասկանալ այս հոդվածում։

Խեժ․ փոքրիկ լիկբեզ

Պատկերացրեք՝ տանը փոքրիկ լաբորատորիա ունեք։ Հավաքում եք սիգարետի ծուխը, հեռացնում եք նիկոտինը, ապա ջուրը, իսկ հետո կշռում եք մնացորդը։ Այն զանգվածը, որը դուք ստանում եք, հենց խեժն է, որը չափվում է միլիգրամներով։ Հակառակ ընդունված կարծիքին, խեժը ոչ թե վնասակար նյութ է, այլ սիգարետի միջի վնասակար նյութերի չափման միավոր։ Սիգարետի ռիսկը պատկերացնելու համար միայն խեժի զանգվածն իմանալը բավարար չէ․ պետք է հասկանալ, թե ինչից է այն բաղկացած։

Ինչի՞ց է բաղկացած խեժը

Քիմիայի դասերից կարող ենք հիշել, որ այրումն ինքնին վնասակար պրոցես է։ Ցանկացած օրգանական նյութ այրվելիս արտազատում է թունավոր նյութեր։ Դա է պատճառը, որ, օրինակ, խորովածի կրակի կողքին հաճախ կանգնող մարդիկ ավելի հաճախ են քաղցկեղով հիվանդանում, քան նրանք, ովքեր չեն շնչում այդ ծուխն ու չեն ներքաշում վնասակար նյութերը։

Սիգարետի այրումը ծխելուց առաջացող հիվանդությունների հիմնական պատճառն է։ Հենց այրման հետևանքով են առաջանում խեժի մեջ առկա վնասակար նյութերը․ շմոլ գազը՝ ածխածնի մոնօքսիդը, ակրոլեինը, բենզոլը, բենզոպիրենն ու բարդ անվանումով այլ քաղցկեղածինները, որոնք ծխի հետ միասին ներշնչում է ծխողը։

Սա է պատճառը, որ նոր սերնդի բոլոր նիկոտին պարունակող սարքերը (էլեկտրոնային սիգարետ, ծխախոտը տաքացնող համակարգեր, վեյփեր) աշխատում են առանց այրման, այսինքն՝ չեն արտազատում ծուխ ու խեժ․ քանի որ հենց ծխի ներքաշումն է առաջացնում հիվանդությունների մեծ մասը։ Այդ սարքերը մշակված են այնպես, որ այրում տեղի չունենա, իսկ նիկոտինը մարդու օրգանիզմ հասնի ոչ թե ծխի, այլ գոլորշու միջոցով։

Կարելի՞ է նիկոտին ստանալ առանց խեժի

Եթե դեռ կարդում եք հոդվածը, հավանաբար գլխի ընկաք, որ նման տարբերակ կա։ Քանի որ խեժն առաջանում է այրման հետևանքով, պետք է նիկոտինը ստանալ առանց այրման։ Միայն թե հիշեք, որ ռիսկը նվազեցնելու համար ամենալավ միջոցը նիկոտինից ընդհանրապես հրաժարվելն է։ Թեև նոր սերնդի սարքերը նվազեցնում են հիվանդություն ձեռք բերելու ռիսկը, դրանք նույնպես անվնաս չեն։ Առհասարակ, առանց վնասի նիկոտին ստանալու տարբերակ մինչ օրս գոյություն չունի։ Պետք է հիշել նաև, որ նոր սերնդի սարքերը չեն օգնում ծխելը թարգել․ դրանք փոխարինում են նիկոտին ստանալու եղանակը՝ օգնելով ծխողին հրաժարվել սիգարետից ու օգտագործել ավելի քիչ վնասակար արտադրանք։ ՈՒ թեև կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք փաստում են էլեկտրոնային սիգարետի ու ծխախոտը տաքացնող համակարգերի քիչ վնասի մասին (ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Ռուսաստանում սարքերը բավականին ուսումնասիրված են), միևնույն է, ավելի քիչ ռիսկը նույնպես ռիսկ է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն