Խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքը կարող է իրապես նշանային դառնալ իշխանության դեմ պայքարին որակապես նոր թափ հաղորդելու գործում, եթե, իհարկե, ընդդիմությունն իրապես ցանկանում է իշխանափոխության գործընթաց հարուցել։ Իրենց համակիրների ճնշման տակ հարթակային առաջնորդները գուցե նույնիսկ կտրուկ գործողությունների գնան, օրինակ՝ շուրջօրյա բազմամարդ հանրահավաքներ եւ ակցիաներ սկսեն։ Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունից կարճ ժամանակ անց Փաշինյանն անգամ սեփական ընտրազանգվածի մի մասին է կորցրել եւ այլեւս չի ձեւակերպում իշխանափոխության կամ դրա բացակայության հանրային պահանջը։

Խորհրդարանական ընդդիմությունը լուրջ հնարավորություն ունի ԱԺ ամբիոնի եւ փողոցային ճնշման ուժեղացման համադրմամբ հասնելու միջանկյալ արդյունքի, այն է՝ իշխանության ներքին մեկուսացման եւ պարալիզման։ Քանի դեռ ձիու վրա են, ՔՊ-ականները մտահոգ են Փաշինյանի՝ իշխանության մնալու, իսկ իրենց պաշտոնավարմանն ու անվտանգությանը նույնիսկ չնչին վտանգ զգալու դեպքում բացառապես սեփական կաշին փրկելու հարցով, ինչպես պատերազմից հետո էր։

Մինչդեռ վաղ առավոտյան վարչապետի՝ տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ Եռաբլուր պանթեոն այցելելն ու զոհվածների մայրերի նախատինքն անձնապես չլսելը ՔՊ-ականներին հիմք է տալիս իբր իրենց լեգիտիմության մասին խոսելու։

2020-ի նոյեմբերի 10-ից ի վեր իշխանությունը մի ձեռքով նախկինից շատ ավելի ուժգնորեն ոտնահարում է մայր օրենքը տասնյակ դրվագներով՝ արդարադատության դեմ հանցագործություններից մինչեւ կամայականություններ տեղական ինքնակառավարման մարմիններում, մյուս կողմից՝ շարունակաբար վիժեցնում է նույն այդ սահմանադրությամբ ընձեռված իշխանափոխության հնարավորությունները՝ ապահովելով սեփական երկարակեցությունը։ Փաշինյանի հետպատերազմյան եւ նույնիսկ հետընտրական պաշտոնավարմանը որեւէ բարոյական արդարացում չկա, նա միայն նոր խնդիրներ է ստեղծել, քաղաքական կոռուպցիան ավելի է խորացրել, ժողովրդավարությունը հետընթաց է ապրել, տնտեսությունը՝ լճացել։

Ընդ որում, որքան ավելի շատ են խոսում արեւմտյան արժեքներից՝ իրավունքի գերակայությունից, մամուլի ազատությունից, ժողովրդավարությունից, այնքան ավելի են նմանվում փնթի բռնապետության՝ ծիծաղելի եւ անհեթեթ ռեպրեսիվ ապարատով։

Անկախ այն հանգամանքից՝ դավաճանությա՞ն, թե՞ ապիկարության հետեւանքով պարտվեցինք պատերազմում, դրա մեղավորը պետք է հանրային պատասխանատվության ենթարկվի։ Ընդ որում, բնավ չարժե աչքաթող անել նաեւ Փաշինյանի վարչախմբի նախապատերազմական մեղքերը, օրինակ՝ նույն այդ պատերազմին թերի պատրաստվելը, կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը, պետական ռեսուրսները ՍԴ կազմը փոխելուն ծառայեցնելը եւ այլն, եւ այլն։ Իշխանությունից ատամներով չկառչելու բազմաթիվ խոստումներ տված Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ իր պաշտոնանկության հաջորդ անխուսափելի քայլը բանտարկությունն է լինելու, հետեւաբար՝ իշխանությունը նրա համար նախեւառաջ ազատություն է։ Մեկ տարի առաջ Փաշինյանը՝ ինքը, բացեց արտահերթ ընտրության խոսույթը, երբ համոզվեց, որ փողոցային ճնշումը դանդաղում է, դրա թափը՝ թուլանում։ Դա ընդդիմության նպատակը չէր, բայց հնարավորություն տվեց Փաշինյանին վերալեգիտիմացվելու։

Նախընտրական այդ շրջափուլից մոտ մեկ տարի անց չի փոխվել երկու բան՝ մե՛կ ՔՊ-ականների անզորությունը, երբ հանրային պարսավանքի են արժանանում, մե՛կ էլ ընդդիմությունը միասնականացնելու փորձերը, որոնք իրականանալու դեպքում, հաստատաբար, իշխանափոխության են բերելու։ Ապրիլի 5-ի մեծ հանրահավաքը տեւական դադարից հետո այդ ճանապարհի առաջին կարեւոր քննությունն է։

Դավիթ Սարգսյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն