«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագետ և աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանը

Պարոն Գալիչյան, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծմանը, հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է։ Խորհրդային ո՞ր սահմանագծի կամ ո՞ր քարտեզի մասին է խոսքը։

Կա երկու քարտեզ, մեկը, որ 1920-ական թվականների քարտեզն է, երբ մեր հողերը դեռ չէին տրվել Ադրբեջանին, և դեռևս անկլավներ չկային, դրանք բոլորը Հայաստանի տարածքում էին, իսկ հետո, արդեն 1930-ականներից հետո աստիճանաբար քարտեզը փոխվեց, դարձավ այն, ինչը կար Խորհրդային Հայաստանի զինվորական շտաբի մոտ: Շուրջ 1500 քառակուսի կիլոմետր տարածքներ տրվել են Ադրբեջանին Կարմիր Քրդստանի ստեղծման պատրվակով: Կարմիր Քրդստանը չստեղծվեց, բայց հողերը մեզ չվերադարձվեցին: Բացի այդ, անկլավներ տրվեցին Ադրբեջանին: Վերջինը Ադրբեջանին է տրվել Տիգրանաշենի անկլավը, դա եղել է 1940 թվականին: Դրանք Խորհրդային քարտեզների մեջ արդեն ադրբեջանական տարածքներ են: Դա մեզ համար ոչ մի կերպ ընդունելի չէ: Մենք պետք է փոխանակենք, մեր անկլավները մենք վերցնենք, իրենց մոտ եղած անկլավներն իրենք վերցնեն: Դրանք գրեթե հավասար չափերի են: Կարևորն այն է, որ սրանից շուրջ երեք ամիս առաջ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ սահմանագծման մեջ Ռուսաստանն անպայման պետք է ներկա լինի, քանի որ այն քարտեզները, որոնք իրենք ունեն, ուրիշ ոչ ոք չունի: Դրանք 1920-ականների քարտեզներն են, որ միայն իրենք ունեն:

Ինչպե՞ս եք գնահատում, որ Բրյուսելում եկել են համաձայնության, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծվի: Ռուսաստանը, որ անընդհատ պնդում է, որ իր մոտ են այդ քարտեզները, ինչիսի՞ մասնակցություն պետք է ունենա:

Պետք է Ռուսաստանն իր ունեցած 1920-ականների քարտեզների բերի, ներկայացնի, դնի սեղանին, բոլորը տեսնեն: Որովհետև մինչև հիմա ոչ մեկինն չեն տվել: Մենք ուզել ենք, բայց չեն տվել: Դրանք ավելի լավը կլինեն, քան ներկայիս քարտեզներն են:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով:

Ոչ թե կան տարածքներ Ադրբեջանի հսկողության տակ, այլ այդ տարածքները 1920-ականների վերջին, 1930-ականներին այդ տարածքները պարզապես տրվել են Ադրբեջանին: Նախատեսվում էր, որ այդ տարածքները ստեղծվելիք Կարմիր Քրդստանի համար հարմար արոտավայրեր պետք է լինեն: Իսկ հետո այդ արոտավայրերը մեզ հետ չտվեցին:

Դուք կողմնակի՞ց եք, որ սահմանազատման, սահմանագծման աշխատանքները սկսվեն և լուծումներ փորձեն տալ:

Անպայման այդ հարցը պետք է լուծվի, թե չէ առանց դրա մենք միշտ խնդիրներ ենք ունենալու: Բայց մենք պետք է հիմք ունենանք, գնանք տեսնենք, թե ինչու է 1920-ականներից հետո այդ տարածքները տրվել Ադրբեջանին և ինչու չեն վերադարձվել: Նաև ինչու են անկլավներ տրվել Ադրբեջանին:

Մոտավորապես ո՞ր տարածքների մասին է խոսքը, որ մեր վերահսկողության տակ են բայց ադրբեջանական են և հակառակը:

Մենք չունենք այնպիսի տարածքներ, որոնք ադրբեջանական են, բայց մենք ենք վերահսկում: Հակառակը ունենք, որ մեր տարածքներն Ադրբեջանն է վերահսկում: Նաև տարածքներ, որոնք մեր են եղել ժամանակին, բայց Ադրբեջանին են տրվել: Դրանք Ալ լճերն են, Իշխանասարի մոտերն են, դրանք Տավուշի շրջակայքում են:

Մոտավորապես ի՞նչ ժամանակում է հնարավոր այդ աշխատանքն ամփոփել:

Դա տարիների խնդիր է: Եթե տարածքների շուրջ վեճեր լինեն, դրանք քննարկելը, լուծումներ գտնելը տարիների խնդիր է: Եթե ուզում եք արագ լուծեք, պետք է ընդունեք խորհրդային ինչը կար, անկլավներն էլ տանք Ադրբեջանին և Երևանից Սյունիք ու Իրան գնացող մեր մայրուղին կկտրվի, քանի որ այնտեղ Տիգրանաշենի անկլավն է լինելու:

Մասնագետների պետք է ներգրավեն այս աշխատանքների՞ն:

Պետք է մասնագետների ներգրավեն, որոնք ժամանակին մասնակցել են սահմանագծման աշխատանքներին: Այո, Հայաստանում այդպիսի մասնագետներ կան:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն