Եթե Ռուսաստանը պարտվի, Հայաստանին մեծ ցնցում է սպասվում
«Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ
Պարո´ն Միքայելյան, ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով արդյոք հայաստանյան ներկրողները կարողանո՞ւմ են ավելի էժան գնով ապրանքներ ներկրել Ռուսաստանից։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:
-Դրական ազդեցության մասին չենք կարող խոսել։ Թեև ռուբլին ինչ-որ չափով նվազել է և տեսականորեն կարող է բերել ներմուծման գների նվազման, սակայն մեծ անորոշությունները, ռուբլու տատանումներն այնքան են, որ արտադրողները և ներմուծող տնտեսվարողները չեն իջեցնում գները, գրեթե նույն դոլարի արժեքով են վաճառել ու վաճառելու։ Այսինքն՝ դրական ազդեցությունների մասին այս պահի դրությամբ չենք կարող խոսել։ Եթե երկարաժամկետ կտրվածքներով ռուբլին ընկնի,ապա տեսականորեն հնարավոր է ինչ-որ չափով օգտվենք, ինչպես օգտվեցինք 2014-2015 թվականներին: Այն ժամանակ որոշ ապրանքներ, հատկապես պարենային մթերքները, բավականին էժանացան։
Մեր արտահանման հիմնական, ամենամեծ շուկա հանդիսացող Ռուսաստանի արժույթի՝ ռուբլու արժեզրկման պատճառով Հայաստանը ահռելի կորուստներ է ունենում արտահանման ուղղությամբ։ Այս պահի դրությամբ ի՞նչ մասշտաբի մարտահրավերների առաջ ենք կանգնած,արդյոք հաղթահարելի՞ են դրանք:
Այս պահին ընդհանուր դժվար է գնահատել, որովհետև դեռ մարտ ամսվա վիճակագրություն չունենք, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը սահմանափակել է ներկրումը և սա անխուսափելիորեն բացասական է ազդել մեզ վրա: Սակայն այդ ազդեցությունը միարժեք չէ. մի կողմից՝ առաջնային անհրաժեշտության օգտագործման ապրանքները, պարենային ապրանքները, թեթև արդյունաբերության արտադրությունը պահպանել են իրենց բարձր արժեքն ու պահանջարկը, նույնիսկ կարելի է ասել, որ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության խեղման պատճառով որոշ հայկական ապրնքների դեպքում աճել է այդ պահանջարկը։ Մյուս կողմից՝ պակասել է երկրորդային նշանակություն ունեցող ապրանքների պահանջարկն ու արժեքը։ Եթե 2014-15թվականի իրադրության համեմատ լրիվ հակառակ պատկերը չունենանք, կարճ ժամանակահատվածում կունենանք բացասական ազդեցություն, իսկ երկարաժամկետ, նույնիսկ միջնաժամկետ կտրվածքով իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում Հայաստանից Ռուսաստան դուրս եկող շատ արտադրատեսակներ գնալով կունենան լավ պահանջարկ և լավ արժեք՝ որոշակի գնաճով։ Այդ միտումներն արդեն իրենց զգալ են տալիս, որովհետև այս պահին Ռուսաստանը կարիքներ ու բացեր ունի։ Այդ միտումը հիմնականում պայմանավորված է մեր ու Ռուսաստանի լավ համագործակցությամբ,որին հակառակ մեր հարևան Ադրբեջանը բավականին բացասական վերաբերմունք է ցուցաբերել վերջերս Ռուսաստանի հանդեպ: Եթե կարողանանք, այս իրավիճակից կարող ենք օգտվել մենք՝ ավելի շատ հայկական արտադրանք արտահանելով։ Ի դեպ, Ադրբեջանը իր լոբբինգի միջոցով ռուսական շուկայում առավելություն ձեռք բերելու նպատակով փորձել է միշտ հայկական արտադրանքը դուրս մղել ռուսական շուկայից։ Ադրբեջանը նույն կերպ լոբբինգ է անում նաև Հյուսիսային Կովկասում, Վրաստանում՝ թիրախավորելով այն ոլորտները, որտեղ Հայաստանից արտահանում կա։
Սակայն պետք է նշեմ, որ, ցավոք, ռիսկերն ավելի մեծ են։ Այս պահին Ռուսաստանն աշխարհաքաղաքական այնպիսի բարդ, ծանր իրավիճակում է, որ հետխորհրդային ամբողջ երկրների ճակատագիրը բավականին մշուշոտ է և կարող է տնտեսական անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Հետևաբար տարածաշրջանի վիճակը գնահատելիս ավելի շատ պետք հաշվի առնել քաղաքական ռիսկերը, հնարավոր հետևանքները, որոնք մոտ ապագայում ավելի պարզ կլինեն։ Ռուսաստանը մարտի է բռնկվել Արևմուտքի հետ, վերջինս ընդունել է մարտահրավերը, և հիմա սուր պայքար է գնում։ Իմ կարծիքով այս պատերազմը ունենալու է հաղթած և պարտված կողմ, և չի կարելի բացառել, որ պարտված կողմը կարող է Ռուսաստանը լինել։ Եթե Ռուսաստանը պարտվի, ապա, ելնելով արևմտյան երկրների տրամադրություններից, Ռուսաստանին խիստ պատիժներ են սպասվում։ Ես չեմ ուզում բոլոր փակագծերը բացել՝ կանխատեսումներ անելով, Ռուսաստանի տնտեսությունն ահագին անկում է ունենալու, ինչն էլ լրջագույն հարվածներ է հասցնելու Հայաստանին, որովհետև դա չի լինելու միջին մակարդակի ցնցում, ինչպես որ հիմա է, և ինչին պատրաստ է դեռևս դիմակայել Հայաստանը, այլ ավելի մեծ ցնցում և դժվար է գնահատել՝ ինչ վիճակում կհայտնվի Հայաստանը։ Բանն այն է,որ մեր տնտեսությունը պատրաստ է հաղթահարել տրանսվերտների քանակի էական նվազումը, դրան գումարած՝ նաև արտագնա աշխատողների մի մասի ավելի վաղ վերադառնալը ռուբլու անկման և աշխատավարձերի նվազման պատճառով, ինչն էլ ավելի է մեծացնելու Հայաստանում գործազրկության խնդիրները և սոցիալական ճնշում է առաջացնելու: Բայց մյուս կողմից՝ պետք է նշել, որ այժմ նման ռիսկերը այնքան էլ մեծ չեն, որովհետև հայերը կանաչ լույս ունեն Ռուսաստանում: Այսպիսով, Հայաստանի համար ամենադժվար հաղթահարելին լինելու է արտաքին առևտրի գերխնդիրը՝ թողնելով ծանրագույն հետևանքներ։
Ձեր կարիքով Ռուսաստանի տնտեսությունում այնպիսի քաոսային վիճակ է,որ գործատուներն դժվարանո՞ւմ են աշխատաարձ տալ: Հավաստի աղբյուրներով Ռուսաստանում աշխատող որոշ հայեր արդեն իսկ դժգոհություն են բարձրացել, որ աշխատավարձեր չեն ստանում:
Չեմ բացառում, որ Ռուսաստանի բավականին լուրջ ճգնաժամի պայմաններում բազմաթիվ գործատուներ չփորձեն խնայողություններ կատարելու նպատակով դիմել ապօրինի գործողությունների, հայ կամ այլազգի աշխատողների հանդեպ: Իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայերի աշխատանքային իրավունքները, մեղմ ասած, այնքան էլ պաշտպանված չեն. բավականին խոցելի են շատ կողմերով: Ուստի այժմ պետք է պետական մակարդակով հետևողական աշխատանքներ տանել նման խնդիրների ուղղությամբ։ Այս պայամններում հատկապես խոցելի են շինարարաության ոլորտում ընդգրկված աշխատողները, որովհետև սպասելի է, որ շինարարական նախագծերի իրագործումը դանդաղելու է, իսկ մենք գիտենք, որ հայերը հիմնականում այս ոլորտում են աշխատում։
Արդյոք Հայաստանին ձեռնտո՞ւ է գազը ռուբլով գնելը։ Կառավարությունը քննարկում է այդ տարբերակը։
Ես շատ կարծիքներ եմ լսել գազը ռուբլիով գնելուն, բայց կարող եմ ասել՝ եթե գազի գինն ինքնին դոլարով կամ դրամով չի փոխվելու, ապա փոխանցումների հաշվարկի հարցը, դառնալու է զուտ հաշվապահական խնդիր։ Ուստի այստեղ ամենակարևորը առևտրի սկզբունքները, պայմանները պահպանելն է։
Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է քիչ կորուստներով հաղթահարել:
Ինչ վերաբերում է այլ շուկաներ գտնելու հրամայականին, ապա այն հիմա և միշտ է եղել անհրաժեշտություն: Սակայն 90-ականներից, ցավոք, մեր տնտեսական քաղաքականությունը հիմնված է եղել ներմուծման զարգացման, խրախուսման, քան արտադրության,արտահանման աջակցման վրա:Ուստի Հայաստանի գլխավոր խնդիրն արտադրողունակության կարողությունների, հզորությունների բարձրացումն է, ապա նաև նոր շուկաներ գտնելը։ Շուկայի փնտրտուքի առումով կարելի է օգտվել GBS-ով եվրոպական երկրների հետ առևտրային հարաբերություններ զարգացնելով, բայց հաշվի առնելով,որ եվրոպական երկրների սահմանափակումները շատ են, չափանիշները խիստ, մեծ ծավալով արտահանում հնարավոր չէ սպասել, հետևաբար հիմնական շեշտը պետք է դնել ասիական երկրների վրա, օրինակ՝ Հնդկաստանի, Պակիստանի, Իրանի հետ առևտրային կապերը զարգացնելու: Ինչո՞ւ եմ նշում ասիական շուկան, որովհետև այս երկրներում բնակչությունը մեծ է, և բարձր է աճողունակությունը, գործոններ, որոնք բնականաբար մեծ շուկայի հնարավորություն է տալիս:
1in.am