Զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումն Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է. Փաշինյան
«ԼՂ կարգավիճակի հարցում էլ մեզ համար չափազանց կարևոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը, ու այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021 թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան:
Հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի վրա, և մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը, ցավոք, շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ոլորտում և կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ:
Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին ազգային ատելության քաղաքականություն վարելու համար մեղադրող Հայաստանի հայցը:
«Այդպիսի մի գործողություն Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն էր, որտեղ ցուցադրվում էին հայ արնահոսող զինվորների մանեկեններ, և որոնց ֆոնին լուսանկարվում էին պետական մակարդակով պուրակ տարվող ժպտերես ադրբեջանցի դպրոցականները: Նշված մանեկենները, ի դեպ, այդտեղից դուրս բերվեցին հենց միջազգային դատարանի որոշման արդյունքում»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի դեպքերն են ու դրան նախորդած իրադարձությունները:
«Նախ՝ Ադրբեջանը պայթեցրեց Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող միակ խողովակը այն ժամանակ, երբ Ղարաբաղում աննախադեպ ցրտեր էին սկսվել: 11 օր տևեց, մինչև խողովակաշարը վերականգնվեց, բայց պարզվեց նաև, որ նորոգման արդյունքում Ադրբեջանը փական է տեղադրել խողովակի վրա, ու այդ փականը փակվեց այն օրը, երբ Ղարաբաղում աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մինչև մեկուկես մետր, իսկ օդի ջերմաստիճանը նվազեց մինչև մինուս ութ:
Հակահայկական այս ակցիան, ըստ էության, շարունակությունն էր այն բանի, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն և ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով և բարձրախոսներով մուսուլմանական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսևորում և իսլամի վարկաբեկում»,- նշեց ՀՀ վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ, և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական և առանցքային խնդիրներից է:
«Այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:
1lurer.am