Ռոբերտ Քոչարյանը չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի. Նիկոլ Փաշինյան
Մի հարց է ժամանակին հանրության, ժողովրդի հետ այդ մասին խոսելը, երկրորդ հարց է զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը եւ երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը: Այս մասին ԱԺ-ում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է՝ որպեզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեր, նախ ինքն իրեն պետք է համոզեր, որ դա ճիշտ ճանապարհ է:
«Եւ ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել: Իսկ ինչու՞ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով, մինչեւ օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. «Սանասա՞ր, թե Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»:
Այն նույն պատճառով, որ Արցախի եւ Հայաստանի մի շարք խորհրդարանական գործընկերներ մինչեւ օրս Արցախի տարածքային ամբողջականության մասին խոսելով հաճախ նկատի են ունենում ոչ միայն Շուշին ու Հադրութը, այլեւ 7 շրջանները, որոնք Արցախի օրենսդրությամբ մինչեւ օրս էլ համարվում են Արցախի Հանրապետության մաս:
Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ 25 տարի մենք Հայաստանի հանրությանը ասել ենք, թե բոլոր զրկանքները, որ կրել ենք եւ կրում ենք՝ ունի մի մեծ նպատակ եւ այդ նպատակը Արցախի ազատությունն է: Բոլոր զրկանքները, որ մենք կրում ենք հանուն հզոր բանակ ունենալու է եւ դժվար է հավատալ, որ այդքան զրկանքների վրա կառուցված բանակը չի կարողանա պաշտպանել մեր երազանքը:
Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ աշխարհքաղաքական կենտրոնները ընդհանուր առմամբ նույն ուղղությամբ էին մտածում, այն իմաստով, որ բոլորն էլ աներկբա ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայցեւայնպես միակամ եւ միասնական չէին պոտենցիալ հանձնումից հետո տեղի ունենալիք իրադարձությունների տրամաբանության մասով եւ այդ հակասությունները, որոնք արդեն իսկ սրվել էին Սիրիայում, Լիբիայում, Վրաստանում, Ուկրաինայում, ի վերջո Լեռնային Ղարաբաղում միանշանակորեն հանգեցնելու էին պայթյունի:
Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ եւ որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են եւ անընդունելի մեզ համար:
Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:
Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետեւ դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն մենք ստեղծել ենք ֆասադ եւ լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավելեւս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով»,- մանրամասնել է Փաշինյանը::
Ըստ նրա՝ բովանդակային առումով նույն իրավիճակն է հիմա. «Ես չեմ ուզում նույն սխալները կրկնել: Չեմ ուզում և չեմ կարող այս մասին ուղիղ և անկեղծ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին: Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար:
Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ:
Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- նշել է նա:
Tert.am