Այ, եթե աղետ-քարոզիչները դիսկուրսը կառուցեին այն թեմայի շուրջ, թե որքանով, երբ և ինչպես էր իրատեսական պատերազմը կանխել կամ հաղթել դրանում. Ստյոպա Սաֆարյան
Ազատության ռադիոկայանի ռեպորտաժներից մեկում լսում եմ կանանց երթի մասնակից, որդի կորցրած սգավոր մոր խոսքը։ Բառացիորեն ասում է հետևյալը․ "եթե պարտված չլինեինք, ես այստեղ չէի լինի․․․"։ Նախադասությանը նետի նման խոցում է սիրտդ ու գիտակցությունդ, որովհետև հարգարժան, խոնարումի արժանի մոր խոսքից բխում է, որ զոհերը միայն իմաստավորված են հաղթանակի դեպքում, իսկ, ա՛յ, պարտության դեպքում՝ դրանք էշնահատակություն են․․․ Մայրը մեղավոր չէ․ նրան այսպիսի եզրակացության է բերել պատերազմից հետո երկրում սկսված այն կեղտոտ քարոզը, թե Ալիևը մեզ կատարելապես ծնկի է բերել ու կապիտուլյացիայի ենթարկել (Սերժ Սարգսյան և ՀՅԿ), մենք նրան սադրել ենք, հրահրել պատերազմ (Ռոբերտ Քոչարյան և ՀՅԴ), և այս աղետը ազգակործան պատուհասի ու մեր մեղքով է (Լևոն Տեր-Պետրոսյան), որ իրեն ժամանակին չլսեցինք, հետևաբար ամեն ինչ անիմաստ էր, և այլևս գնահատելու, արժևորելու ոչինչ չկա․․․
Չեմ խորանալու նրա մեջ, թե հնարավոր էր արդյո՞ք պատերազմից առաջ կանխատեսել նրա ելքը, ուժերի հարաբերակցությունը, կորուստների չափը , հնարավոր էր արդյո՞ք քաղաքականապես հանձնվել՝ 7 շրջանները հետ տալ Ալիևին, ու հաջորդ "փուլում" խուսափել մեծաթիվ կորուստներ չունեցած, տասնյակ հազարավոր զոհեր չտված Ալիևի նոր հոխորտանքներից ու հարձակումներից․ դա իշխանությունների պատասխանատվությունն է և իրենք պետք է բացատրեն։ Չեմ խորանալու, թեպետ գիտեմ, որ որդի կամ ամուսին կորցրած որոշ մայրերի, կանանց համար դա մի հարց է, ինչպես ակնարկում է երթի մեջ հայտնված մայրը՝ ասելով, որ ինքն այդտեղ է, որովհետև հարցեր ունի։
Բայց ողբերգություն է, որ երկրի համար մեծագույն զոհաբերության գնացած կնոջը համոզել են, որ իր որդու նահատակությունը իզուր էր, քանի որ չենք հաղթել։ Մայրը չի էլ հասկանում, որ այդ քարոզը հրապարակ են նետել նրանք, ովքեր իրենց ամուսիններին, որդիներին թաքցրել են պատերազմից և այժմ դա ասում են, որպեսզի արդարացնեն իրենց արածը․ եթե պարտություն է, իրենց տղաները հո էշ նահատակ չէին դառնալու․․․ Այ, եթե իմանային, որ հաղթանակի ենք գնում, այդ դեպքում կգնային։ Հետևաբար պատերազմից թաքնվելն արդարացում է ունեցել ու ունի՝ էշ նահատակ դառնալ չեն ցանկացել, հետևաբար ոչ մեկ չի կարող իրենց մեղադրել, թե ինչու չեն առաջնորդել Արցախի պաշտպանության որևէ հայտնի ճակատամարտ․․․
Սարսափելի է առերեսվել այս կեղտոտ պրոպոգանդայի հետևանքներին, որի զոհ է գնացել մայրը, ում այնպես են համոզել որ պարտության դեպքում զոհերն անիմաստ են, իսկ հաղթանակի դեպքում՝ "արդարացված", որ մայրը ակնհայտորեն մոռացել է, որ ինքը և առաջին հերթին իրեն համոզողները այսօր Երևանի փողոցներում քայլում են հենց այդ՝ նահատակված և կենդանի մնացած տղաների շնորհիվ, որ թուրքը էլ ավելի առաջ չի եկել նրանց շնորհիվ, որ Արցախից ինչ պահել ենք, դա կրկին այդ տղաների շնորհիվ է, որ հայրենիքի պաշտպանությունը ոչինչ չէ, որ հայրենիքի պաշտպանության համար զոհասեղան բարձրացած տղերքը էշ նահատակ չեն, հերոս են, ու Հայաստան ու Արցախ կոչվող տարածքում կյանքը, ուրախությունը, հարսանիքները, տխրությունները, այդ թվում փողոցում տռճիկները, շարունակվում են հենց նրանց շնորհիվ․․․ Այդ մայրն այնքան ազդված է իշխանության հանդեպ երթի կորդինատորների թունավոր, նիհիլիստական, իսկ սեփական տղամարդկանց փախուստն արդարացնող քարոզից, որ չի շրջվում ու, օրինակ, նախօրեին Արցախը թուրքացնել ցանկացողներին "ցուցամատի թափահարում" բեմականացնող տիկնոջը հարցնում՝ "եթե նահատակությունը հանուն հայրենիքի անիմաստ է, այդ ինչո՞ւ ու ո՞ւմ վրա ենք մատ թափ տալիս։ Եթե մատ ենք թափ տալիս իշխանությունների վրա, ապա հաջորդ կռվում ինձ նման ո՞ր մոր որդին է էշ նահատակ դառանալու, քո՞, մի քանի օր առաջ հարթակից ելույթ ունեցած մեկ այլ կնո՞ջ, որի երկու որդիները չէին ծառայել։ Իսկ եթե Ալիևի վրա ենք մատ թափ տալիս, միգուցե այս անգամ "խելացի գտնվենք" ու առանց զոհերի նրան հանձնենք Արցախի մնացած մասը, որպեսզի ինձ նման այլ մայրեր սգվոր չդառնան, հետևաբար միգուցե՞ մատ թափ չտանք"․․․ Հասկանում եք, որ նման քարոզչությունից հետո ծագող հարցերը պետք է սրանք լինեին, որքան էլ դրանք անհեթեթ ու ուղեղում չտեղավորվող հարցեր են կոնկրետ ինձ համար․․․ Ինձ հայտնի չէ որևէ երկիր, որտեղ իրեն "ազգային" ու "էլիտա" հորջորրջած որևէ զանգված ասի, թե սեփական հայրենիքը ռազմական ոտնձգությունից պաշտպանելու համար տրված զոհը էշնահատակ է, անգամ՝ եթե կորցնում են ամեն ինչ․․․ Իսկ մեր դեպքում մենք ամեն ինչ չենք կորցրել, որովհետև տղերքի կյանքի ու արյան գնով պահպանածն ու պաշտպանածը շատ տեսանելի է, անգին է, ինչպես նրանց կյանքը, եթե անգամ դա լիներ մեկ գյուղ կամ մեկ շրջան․․․ Իսկ նրանք բավական շատ են պահել․․․ Այդքան են կարողացել պահել մեր առյուծները, այդքան է ստացվել․․․ Ու սա ֆուտբոլ կամ մեկ այլ սպորտաձև չէ, որ պարտությունից զայրացած երկրպագուի նման երես թեքես կամ խարազանես քո հավաքականին ու սկսես երկրպագել այլ թիմի, ով լավ է խաղում, ով հաղթում է․․․ Սա անհավասար, անկանոն պատերազմ էր՝ մեկով շատի դեմ․․․ Ու այդ կնոջը չեն պատմել, թե ինչ են պատմում դեպի Շուշի առաջխաղացում պլանավորած թուրքերի հրամանատարների ռադիոկապը պերեխվատ արած հայ կտրիճ հրմանատարները, որոնք լսել են, թե ինչպես են "մսաղացի համար սիրիացի խնդրում, քանի որ մեկ մետրի վրա 60-70 զոհ են տալիս", չեն պատմել, թե ինչ գհամազարկերի ու գործողությունների արդյունքում թշնամին 10,000-ին մոտ զոհ տվեց․․․ Այլապես կիմանար, որ իր որդին անիմաստ նահատակություն չէ, քանի որ Ալիևը ոչ պակաս ծանր վիճակում է եղել․․․․ Ու որ այդ ամենի մեջ իր որդու վաստակը կա․․․․
Խոնարվում եմ բոլոր մայրերի առաջ ու կրկնում․ մենք կյանքով մեկ պարտական ենք ձեր որդիներին ու ամուսիներին, որ այսօր ունենք կյանք, հայրենիք ու հեռանակար առանց ձեր ու մեր սիրելիների․․․
Հետգրություն․ շատ անձնական ու ներընտանեկան բան է, որը երբեք չեմ հրապարակայնացրել, բայց այժմ պետք է պատմեմ․ պատերազմի թե՛ առաջին, թե՛ մնացած օրերին մեր տանն էլ տագնապի, աղոթքի ու ծանր սպասումների երկար, մղձավանջային շրջան էր, քանի որ երկու քույրերիս որդիները, եղբայրներիս որդիները, եղբայրս, փեսաս, մի խոսքով՝ արյունակիցներից 10 մարդ մեկնել էին ռազմաճակատ։ Նրանցից ընդամենը 2-ն էին այդ պահին պարտադիր զինվորական ծառայության մեջ՝ Արցախում։ Մնացածը գնացին կամավոր, ոմանք՝ տանից թաքուն, որպեսզի կանգնեցնող չլինի, ինչպես քույրերիցս Սեդայի միակ որդին՝ Կորյունը, հենց սեպտեմբերի 27-ին։ Օրեր անց տղայի հետևից պատերազմ գնաց Արցախյան երկու պատերազմներում կռված փեսաս՝ նրա ամուսինը, հասցնելով ինձ հետ կռվել մինչև գնալը, թե ինչու Փաշինյանի հետ չեմ խոսում, որպեսզի իքնը այս մի պատերազմին էլ գնա ու հայր ու որդի ուս-ուսի տված կռվեն։ Սեդան իր տան երկու տղամարդուն էլ ուղարկել էր պատերազմ ու այդ միայնության ու ծանրագույն մտորումների մեջ մի կողմից չէր կարողանում որևէ բան անել, աշխատել, մյուս կողմից էլ՝ տանը նստել չէր կարողանում։ Ամեն օր գալիս էր իմ և իր ընդհանուր գրասենյակ, հեռվում ինչ-որ բան փնտրող հայացքով նստում պատի տակ դրված աթոռներին, պաուզաներ պահելով մենախոսում․ "ի՞նչ անեի․ բա որ ես էլ իմ տղային, իմ ամուսնուն փեշիս տակ պահեի, բա թուրքի հարձակվելու դեպքում ո՞վ պաշտպաներ ինձ, եթե ոչ իմ ծնած տղան կամ իմ ամուսինը։ Բա ո՞ւմ համար եմ ծնել։ Ճի՞շտ չեմ ասում ապեր", հարցնում էր նա ինձ՝ կարծես ակնկալելով, որ ես հաստատեմ մի բան, ինչը ինքը մտածում է, բայց կասկած ունի՝ արդյոք ճիշտ է, եթե իր շրջապատում այլ վարքագծով մարդիկ կան։ Ծանր էր, բայց ես, իհարկե, հաստատում էի այդ մենախոսությունը, որովհետև մեզանից ոչ մեկ չգիտեր, թե ում/երկրի համար ինչպե՞ս կավարտվի այդ ամենը․․․
Ես վստահ եմ, որ գիտակցված սեփական որդուն ու ամուսնուն պատերազմ ուղարկած ցանկացած մայր, կին գիտի/գիտեր, թե ինչի համար է ուղարկել իր թանկին։ Այո, որոշ մայրեր ու կանայք այլոց համեմատությամբ ավելի երջանիկ էին, որ նրանց տղամարդիկ ու որդիները ետ վերադարձան, անգամ՝ վիրավոր։ Բայց, միևնույնն է, վստահ եմ, մեծամասնությունը բավական լավ է իմացել, թե ինչու է իր սիրելիին ճանապարհում պատերազմ, որովհետև հայրենիքի պաշտպանությունը ոչինչ չէ, հետևաբար նահատակությունն էլ չի կարող ոչինչ լինել․․․
Այ, եթե աղետ-քարոզիչները դիսկուրսը կառուցեին այն թեմայի շուրջ, թե որքանով, երբ և ինչպես էր իրատեսական պատերազմը կանխել կամ հաղթել դրանում, ես այսքանը չէի գրի․․․
Ստյոպա Սաֆարյան