Մեկ օրինակից՝ մինչեւ եկեղեցու համահայկական դեր.

Շիրակի թեմի առաջնորդը ասում է երկու էական բան՝ մեկը հանրօգուտ, մյուսը՝ հակառակ վեկտորով:Իսկապես, ինչ կապ ունի, թե ում հանդեպ է բռնությունը, տարեց մարդու, թե՞ երիտասարդի: Եվ իսկապես, բռնությունը դատապարտելի է բոլոր դեպքերում, ինչպես բոլոր դեպքերում դատապարտելի է ապօրինությունն ու անիրավությունը, անկախ այն բանից՝ կատարողը կամ տուժողը ծեր է, երիտասարդ է, կին է, հերոս է, սոցիալիստական աշխատանքի կամ պատերազմի վետերան է, բժիշկ է, փաստաբան է, թե անտուն, ցնցոտիավոր քաղաքացի:

Միեւնույն ժամանակ, հանրային համակեցության «նորմատիվները» մոնոլիտ չեն: Ցանկացած բռնության անթույլատրելիությամբ հանդերձ, կան գնահատման ու վերաբերմունքի սանդղակներ: Երբ, օրինակ որեւէ երիտասարդ կարող է սադրել մեկ այլ երիտասարդի, ու ստանալ ուժգին պատասխան, անթույլատրելիությամբ հանդերձ՝ այդ ուժգին պատասխանը իսկապես դառնում է միանգամայն հասկանալի:

Բայց, երբ երիտասարդ ու ամրակազմ մարդը ձեռք ու ոտք է բարձրացնում տարեց մարդու վրա, ասել, թե՝ տարեցը սադրել է, նշանակում է ոչ միայն չդատապարտել, այլեւ արդարացնել բռնությունը: Ըստ այդմ, երբ բարձրաստիճան հոգեւորականը ասում է, թե՝ ինչը դատապարտեմ, պետք է հասկանալ տարեցներն ինչ են արել, նա ոչ միայն չի դատապարտում, այլ պարզապես արդարացնում է բռնությունը:

Որովհետեւ, նույն տրամաբանությամբ հնարավոր է ասել՝ եթե օրինակ 25 կամ 30 տարեկանը հասցրել է 12 տարեկանի քիթումռութին, պետք է հասկանալ, գուցե ունեցե՞լ է պատճառ, գուցե 12 տարեկանը սադրե՞լ է նրան:

Այդ ամենում խորքային խնդիրը թերեւս այն է, որ Խորհրդային գաղափարախոսական մեքենայի վարչահրամայական համակարգից դուրս եկած Հայ Առաքելական Եկեղեցին անկախության շրջանում «չգտավ» իրեն: Դա թույլ չտվեցին իհարկե նաեւ քաղաքական «էլիտաները», բայց գործնականում չի եղել նաեւ եկեղեցական էլիտայի պայքարը ինստիտուցիոնալ անկախության համար:

Այդ իմաստով, դրա հնարավորությունը կար 2018-ից հետո էլ, սակայն ՀԱԵ ղեկավարությունը չփորձեց օգտագործել անգամ դա: Փոխարենը, դրանից առաջ ՀԱԵ-ն կառավարման ամբողջատիրական համակարգի բաղադրիչ դարձրած քաղաքական «էլիտաները» սկսեցին եկեղեցու հանդեպ որոշ խմբերի գրոհները վերածել սեփական քաղաքական նպատակների համար ծառայեցվող խաղաքարտի, թերեւս դարձյալ թույլ չտալով նաեւ, որ ՀԱԵ-ն անցնելով այդ բարդ շրջանով, փորձի դնել ինստիտուցիոնալ անկախության խնդիր եւ ստանձնել իրապես հանրային առաքելություն:

Պատճառներն իհարկե բավականին խորն են, ու անկասկած Կաթողիկոսին կամ որեւէ բարձրաստիճան հոգեւորականի կոշտ քննադատելը կարող է լինել հանրային որոշակի շրջանակների հագեցում, բայց ամենեւին ոչ խնդրի լուծում: Լուծումը շատ բարդ է, բայց նաեւ շատ կարեւոր: ՀԱԵ-ն իսկապես կառուցվածքային եզակի համահայկական ինստիտուտ է, որը սակայն ֆունկցիոնալ առումով բերվել է ընդամենը տնտեսա-քաղաքական նեղ ծառայության դաշտ:

Այստեղ անհրաժեշտ են պատկերացումներ խնդրի խորքային լուծումների համակարգային մեխանիզմների կամ մոդելլների վերաբերյալ, որպեսզի հետո դրվի ըստ այդ մոդելների՝ դրանց իրագործմանը ձեռնմուխ լինելու սուբյեկտների անհրաժեշտ շրջանակ:

Հ.Գ. խնդրում եմ ձեռնպահ մնալ որեւէ վիրավորական կամ կոպիտ բնորոշումից, որեւէ մեկի հասցեին, այդպիսի մեկնաբանությունները կհեռացնեմ, ինչպես անում եմ միշտ եւ որեւէ թեմայի պարագայում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն