«Միանշանակ այդ կետերը չեն համաձայնեցվել արցախյան կողմի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած 6 կետեր-«առաջարկներից», որոնք օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթերում հնչեցրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Մարուքյանը որպես առաջին կետ՝ ներկայացրեց այն, որ «մարտի 11-ին ստացել են Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում են»: Երկրորդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Երրորդի համաձայն՝ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը:

«Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)»,- ասված է, ըստ Մարուքյանի, չորրորդ կետում: Հինգերորդի համաձայն՝ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Իսկ վերջին կետում ասվում է, որ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Մետաքսե Հակոբյանը միանգամից ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հենց սկզբից չընդունեց ՀՀ 6 կետերը ու չընդունեց այն ժամանակ, երբ դեռ Հայաստանում ու Արցախում էլ չգիտեին՝ ինչի մասին է խոսքը:

«Ադրբեջանի կողմից չընդունելուց հետո որոշեցին հայտարարել այդ կետերի մասին, որն արդեն անիմաստ էր նույնիսկ: Ես չգիտեմ՝ Արցախում ինչպե՞ս են սա ընկալել, կամ արդյո՞ք Էդմոն Մարուքյանին լուրջ ընդունում են, թե՞ ոչ, համենայն դեպս հասկանալի է, որ նա պարզապես Նիկոլ Փաշինյանի բարձրախոսն է:

Արցախին ի նպաստ որևէ դրույթ այդ կետերում ես չտեսա: Եթե նույնիսկ այդ թղթի վրա ոսկե տառերով ինչ-որ բան գրված լիներ, միևնույն է՝ իրենց հայտարարությունները դրանց հակառակն են անընդհատ ցույց տալիս, և այդ կետերում կամ խոսքում փնտրել Արցախի համար նպաստավոր կարգավիճակ կամ ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված կարգավիճակ՝ աբսուրդ է, որովհետև ՀՀ վարչապետը պարզ, ընդգծված նշեց, որ եթե նախկինում կարգավիճակից բխում էր անվտանգությունը, ապա ներկայումս անվտանգությունից պետք է բխի կարգավիճակը:

Ըստ երկկողմ անվտանգային երաշխիքների (նկատի ունեմ ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունները)՝ պետք է Արցախը լինի Ադրբեջանի կազմում, որպեսզի ունենա անվտանգության երաշխիք: Այսինքն՝ որևէ բան այդտեղ ի շահ Արցախի չկար, չէր էլ կարող լինել, և կրկնեմ, որ Ադրբեջանն ի սկզբանե մերժեց այդ վեց կետերը, պարտադրում է իր 5 կետերը, որին ՀՀ իշխանություններն առանց քննարկման համաձայնում են, որում միանշանակ ուղիղ տեքստով ասվում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում է»,- ասաց Հակոբյանը:

Նրա պնդմամբ, այդ կետերը միանշանակ չեն համաձայնեցվել արցախյան կողմի հետ: «Դրանք Արցախի իշխանությունների հետ չեն քննարկվել, չկան Արցախի իշխանությունների հետ գործընկերային հարաբերություններ, և այն հանդիպումները, որ իբր թե արվում են, չհաջողված թատերական բեմականացում են, որովհետև վերջին հանդիպումը, որ եղել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև, կարծում եմ՝ բոլորն ականատես եղան, թե ինչ կազմով էր հանդիպումը, եթե հանդիպմանը ներկա չեն ԱԳ նախարարները, չկա Արցախի ԱԳ նախարարը, ուրեմն խոսել քաղաքական գործընկերային հարաբերությունների մասին՝ ամենաքիչը հեքիաթ է, ուստի այդ շոուներն արվում են Հայաստանի և Արցախի հայերին ցույց տալու համար, որ գործընկերային հարաբերություններ կան, բայց առավել քան վստահ եմ, որ չկան, չկան ընդհանրապես հարաբերություններ ԱԳ նախարարների միջև, չկա ոչ թե գործընկերային, այլ ընդհանրապես բացակայում է որևէ շփում:

Չկան նաև ԱԺ-ների միջև հարաբերություններ, որևէ կերպ չի արտահայտվում, այսինքն՝ այն դաշտերում, հարթակներում, որոնցում պետք է այդ քաղաքական լուծումները տրվեն, բացակայում է, հետևաբար՝ որտե՞ղ են քննարկվում այդ հարցերը: Եթե դա նստում քննարկում են Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, շատ ավելի վատ է, քան կարելի էր պատկերացնել, քանի որ, ինչպես պատերազմի ժամանակ էին որոշումները միանձնյա կայացվում, նշանակում է, որ հիմա էլ են միանձնյա կայացվում, ինչն էլ պետականության ոչնչացման հիմքն է»,- նման կարծիք հայտնեց Մետաքսե Հակոբյանը:

Խոսելով վեց կետերում «կարգավիճակ» բառի ներառման և ՀՀ իշխանությունների կողմից դա մեծ նվաճում ներկայացնելու փորձերի մասին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ «կարգավիճակ» բառի ներքո կարելի է բազմաթիվ տարբերակներ առաջարկել: Ըստ նրա՝ կարգավիճակը կարող է լինել Ադրբեջանի կազմում ևս, տարբեր կարգավիճակներ կան:

«Մեզ համար միակ ընդունելի կարգավիճակը դա մեր ինքնորոշման իրավունքի հիմքի վրա Արցախի միջազգային ճանաչումն է, ուրիշ կարգավիճակ Արցախը չի կարող ունենալ: Եվ դա, եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, նշաձողի ամենացածր մակարդակն է, դրանից ներքև չի կարող լինել նշաձող, որովհետև դրանից ներքև պարզապես պետք է ուղիղ կանգնել ու ասել, որ իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում: Եվ այո, երբ խոսում ենք կարգավիճակի մասին, պետք է հստակեցնենք, թե ինչ կարգավիճակ ենք ցանկանում, քանի որ Ադրբեջանը ևս խոսում է կարգավիճակի մասին, բոլորն էլ խոսում են, հստակեցված կարգավիճակի մասին խոսում է դեռևս միայն Արցախը և մեր բազմահազարանոց հայրենակիցները Հայաստանում, ովքեր հիմա փողոցում պայքարում են հանուն Արցախի ու Հայաստանի: Մնացած բոլորը քաղաքական կեղտոտ խաղեր են և քաղաքական առևտուր, որի նժարին դրված է Արցախն ամբողջությամբ և Հայաստանի ապագան»,- նշեց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորը:

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ այս ամենի ֆոնին չափազանց տարօրինակ է այն, թե ինչով է զբաղված Արցախը:

Նա տեղեկացրեց, որ այսօր Արցախի ԱԺ-ում սկսվել են բյուջեի կատարողականի քննարկումները, նաև նախագահի հաղորդումն է ներկայացված:

«Մեր խմբակցությունը կարծես միակն էր, որը չմասնակցեց, որովհետև դա աբսուրդ է՝ նստել ու զբաղվել այնպիսի հիմարությամբ, որի դեմ նաև մենք քվեարկել էինք: Դա ներկայացնողներից մեկն էլ այն նախարարն է, որի դեմ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել և ուղարկել նախագահին միջնորդության համար, իհարկե՝ որևէ միջնորդություն չկա. այդ նախարարը (խոսքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մասին է) և Հայաստանում է հանդիպումներին մասնակցում, և Արցախում` այն դեպքում, երբ բազմաթիվ միլիոնների շորթման մասին է խոսքը: Վերջերս էլ` ապրիլի 28-ին, ևս մեկ փաստ եմ ավելացրել, և դատախազը հավաստիացրեց, որ վարույթում ավելացվել է․ այդ փաստը հյուրանոցների ու հյուրատների հետ է կապված, թե շորթման ինչ տեսակ մեխանիզմներ են ստեղծել: Եվ երբ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ձայնով հայտարարում է, որ էլ ի՞նչ են ուզում Արցախում, մենք արդեն իրեն պատասխանել ենք, որ այդ ֆինանսները, որ ուղարկվում են, մենք եղբայրական գերեզման պետք է սարքենք ու պետք է մեր տեղահանված հայրենակիցների համար գոնե տներ կառուցենք, բայց այդ պարագայում, փաստորեն, այդ գերատեսչությունը շատ լավ շորթում է այդ միլիոններն ու միլիարդները՝ անունը դնելով, որ Արցախի համար են անում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի՝ իր ուղարկած գումարներն ուր է ուղարկում, ինչպես են այդ գումարները պտտվում, վերջում ոնց է շատ մեծ մասն իրենց հասնում։ Վստահ եմ՝ նախագահը ևս տեղյակ է դրանից: Այս իրավիճակն է Արցախում, երբ Երևանում մեր տասնյակ-հազարավոր հայրենակիցները չնայելով եղանակին՝ պայքարում են հանուն Արցախի: Մեր խմբակցությունը որոշում կայացրեց, որ չենք հայտարարում, բայց նաև չենք մասնակցում այդ աբսուրդ խաղին»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն