Թմրամիջոց օգտագործող քանի մարդ է հաշվառված Կախվածությունների բուժման կենտրոնում
Hraparak.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հետ:
- Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում թմրամիջոց օգտագործող քանի՞ մարդ է այսօր հաշվառված, և ի՞նչ տարիքային խումբ են կազմում:
-Հայաստանի Հանրապետությունում նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված է 7000-ից ավել մարդ, որից մոտ 100-ը կանայք են: 60 տոկոսը՝ 30-ից մինչև 50 տարեկան մարդիկ են: Ցավոք սրտի, իհարկե, վերջին շրջանում տարիքային այդ շեմն իջել է: Այսինքն, մենք, հիմա կարող ենք ունենալ նաև 18 տարեկանից սկսած թմրամիջոց օգտագործող քաղաքացիներ: Ունեցել ենք մեկ դեպք. 16 տարեկան մի աղջիկ, որը, թմրամիջոցի գործածման փաստով իրավապահ մարմինների կողմից ուղեգրվել էր մեզ մոտ՝ տոքսիկոքիմիական հետազոտության նպատակով, այսինքն՝ հիվանդություն կամ կախվածության համախտանիշ որպես այդպիսին չի եղել: Այս ամենը պայմանավորված է մի քանի տարբեր փաստերով: Վերջին տասնամյակում ամբողջ աշխարհի համար ձևավորվել են նոր մարտահրավերներ՝ դրանք նոր տեխնոլոգիաներն են, որոշակի մոտեցումների փոփոխություններն են, սոցիալական ցանցերի կամ ինտերնետային հավելվածների միջոցով թմրամիջոցների տարածումն է, ինչը դեռ դժվար է վերահսկվում մեր իրավապահ մարմինների կողմից: Սակայն, վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կփոխվի, և մենք արդյունավետորեն կարող ենք այդ խնդրին էլ հակազդել:
-Այս պահին կենտրոնում քանի՞ հիվանդ է բուժվում և ինչպե՞ս է իրականացվում նրանց բուժումը:
-Այս պահին ունենք ստացիոնար պայմաններում բուժվող՝ 42, իսկ ամբուլատոր՝ 8 պացիենտ: Եվս 480 պացիենտներ ստանում են փոխարինող բուժում։ Բուժումը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում: Բուժման ընթացքն ու տևողությունը պայմանավորված են պացիենտի օրգանիզմի առանձնահատկություններից, կախվածության համախտանիշի ծանրության աստրճանից, տարիքից և այլն: Ունենք ամբուլատոր բժշկական օգնության ծառայություն՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդներ և ստացիոնար: Ամբուլատոր բուժում հիմնականում նշանակվում է առավել թեթև վիճակում գտնվող մայրաքաղաքաբնակ պացիենտներին։ Ծանր կախվածության համախտանիշով կամ այլ հոգեմարմնական բարդություններ ունեցող պացիենտների դեպքում ամբուլատոր բուժումն անարդյունք է: Ստացիոնարում են նաև բուժվում մարզերի բնակիչները, որոնք ամեն օր չեն կարող այցելել կենտրոն:
-Անվճար բուժօգնությանը զուգահեռ սնու՞նդն էլ է անվճար:
- 2019 թվականի սկզբին անվճար սննդի ծառայությունն այստեղ դադարեցվել է: Նախկին տնօրենի նախաձեռնությամբ, որը գրություն է ուղարկել ՀՀ ԱՆ՝ խնդրելով, որ նարկոլոգիական հիվանդների սննդի ծառայությունը հանվի: Մենք այս հարցում ԱՆ հետ քննարկումների մեջ ենք երկու հարցով՝ կամ մեզ որևէ մասնավոր ընկերություն սնունդ մատակարարի, կամ մենք ունենանք մեր խոհանոցը:
-Կենտրոնում բուժվու՞մ են օտարազգի քաղաքացիներ:
-Այո, ունենք գրանցված օտարազգի քաղաքացիներ, որոնց բուժումը կենտրոնում իրականացվում է վճարովի հիմունքներով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում երկու Ռուսաստանի քաղաքացի: Դիմում են բուժման Իրանի Իսլամական Հանրապետությունից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, վերջերս Վրաստանի Հանրապետությունից:
- Ո՞ր թմրամիջոցի օգտագործման դեպքերն են առավել թիվ կազմում մեր երկրում, և հիմնականում, ո՞ր թմրամիջոցի տեսակի դեպքերով են դիմում բուժվելու:
-Հայաստանում ամենատարածված թմրամիջոցն ավանդաբար մարիխուանան է: Սա պայմանավորված է նրանով, որ այդ բույսն աճում է մեր երկրում բնական պայմաններում: Հանրապետության նարկոլոգիական ծառայությունների կողմից հաշվառված ավելի քան 7000 անձնանցից շուրջ 4000-ը հաշվառված է որպես մարիխուանա (կամ կաննաբինոիդային թմրամիջոցներ) տեսակի թմրամիջոց օգտագործող: Բուժման համար հիմնականում դիմում են օփիոիդային կախվածություն ունեցող մարդիկ: Ավանդաբար և գերազանցապես Իրան-Հայաստան սահմանով ապօրինի ճանապարհով Հայաստան են բերվում հերոին և ափիոն, որոնք քնաբեր կակաչից ստացված խիստ վտանգավոր թմրամիջոցներ են և բնական աճում են այդ տարածաշրջանում՝ հատկապես Աֆղանստանում:
- Կա՞ն ծնողներ կամ հարազատներ, ովքեր իրենց երեխաներից կամ հարազատից գաղտնի են դիմում ձեզ՝ խորհրդատվության և օգնության համար, որպեսզի օգնեք իրենց հարազատին համոզել ու բերել կենտրոն բուժվելու:
-Մեր մոտ պացիենտների դիմելիությունը տարբեր մեխանիզմներով է իրականացվում: Մեր հիվանդությունների պրոֆիլն այնպիսին է, որ մարդիկ շատ հաճախ չեն դիմում մեզ: Դժվար է մարդուն համոզելը, որ իր մոտ առկա է կախվածության համախտանիշ: Նրանց մոտ գիտակցված որոշում առաջացնելու գործընթացը բավականին բարդ է, որ ինքը ընդունի՝ հիվանդություն ունի և դրա համար անհրաժեշտ է բժշկական օգնություն: Մարդիկ կան, որոնց հետ շատ դժվար է լինում համաձայնության գալը, մարդիկ էլ կան՝ շատ հեշտ: Այդ պատճառով էլ հաճախ է լինում, որ իրենց հարազատները, ծնողները նախնական, այո, դիմում են մեզ զուտ այդ հարցերով, թե ինչպես անեն, որ իրենց հարազատները որոշեն կենտրոն գալ: Իհարկե, փորձում ենք ճիշտ ուղղություն ցույց տալ: Ասեմ, որ բազմաթիվ են նաև, երբ մարդիկ իրենք են որոշում ու գալիս՝ առանց որևէ դժվարության:
-Իսկ ի՞նչ խորհուրդներ եք տալիս և ի՞նչ մեխանիզմներ եք օգտագործում հասնելու նրան, որ հիվանդը վերջիվերջո համաձայնվի գա կենտրոն բուժվելու:
-Ընդհանրապես, կախվածություն ունեցող մարդու նկատմամբ հարազատների կամ ընտանիքի անդամների կողմից մեղադրանքները, ճնշումներ գործադրելը բերում է ավելի օտարացման, ու տվյալ անձը ավելի է կտրվում իր ընտանիքից՝ նախընտրելով՝ մեկուսանալ և շարունակել հոգեներգործուն նյութի գործածումը: Դրա համար, որպեսզի առավել արդյունավետ լինի մեր աշխատանքը, պետք է սկզբնական համագործակցությունը հարազատների հետ լինի ճիշտ կազմակերպված: Հարազատները պետք է շատ գրագետ ու ճիշտ ձևով համոզեն, որ պետք է իրեն ընդամենը բուժվել: Հարազատները պետք է խուսափեն կոնֆլիկտներից, որը կհանգեցնի մարդու վերջնական օտարացման ու աստիճանական կործանման:
-Վերադառնու՞մ են արդյոք բուժված հիվանդները կենտրոն:
-Իհարկե, լինում են դեպքեր: Օրինակ, քիչ առաջ մեր նախկին պացիենտներից մեկն էր դիմել, որը 7 տարի գտնվել էր ախտադադարի մեջ, ալկոհոլ չէր գործածել բուժվելուց հետո: Սակայն մոր մահից հետո, կրկին սկսել է օգտագործել, և դիմել մեզ բուժում ստանալու նպատակով:
-Վերջին տարիներին թմրամիջոց օգտագործած մարդկանց շրջանում քանի՞ մահվան դեպք է գրանցվել:
-2019 թվականից մինչև 2022 թվականի այս ժամանակահատվածը կենտրոնում գրանցվել է 3 մահվան դեպք: Մահվան դեպքերը պայմանավորված են եղել կոնկրետ այլ ծանր պաթոլոգիաներով և բարդություններով՝ սիրտ-անոթային համակարգի հետ կապված։
-Կենտրոնում՝ ալկոհոլից կախվածություն ունեցող որքա՞ն մարդ է հաշվառված:
- Տղամարդկանց թիվը մոտավորապես 6 հազար է, բարեբախտաբար կանանց թիվը քիչ է՝ մոտ 70:
- Ի՞նչ հավելյալ բժշկական ծառայություններ է իրականացնում կենտրոնը և ապագայում նախատեսված ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ունենք որոշակի ծառայություններ, որոնք ոչ ստացիոնար հիվանդների դեպքում իրականացվում են վճարովի հիմունքներով: Արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություններ ենք ներդրել 2021 թվականին, իսկ նախքան այդ՝ 2020 թվականին նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն: Առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ, ինչպես նաև մեր կենտրոնում իրականացվող վճարովի ծառայություններից դրամական մուտքերի աննախադեպ աճի շնորհիվ կենտրոնի բոլոր աշխատողների աշխատավարձերը վերջին երկու տարիներին էականորեն բարձրացվել են: Օրինակ, 2020 թվականին մեր կենտրոնի բժիշկների աշխատավարձերը բարձրացվեցին 50 տոկոսով, իսկ արդեն 2022 թվականին ևս 20 տոկոսով։ Ինչպես նաև արժե նշել, որ մեր հարկերը և պետության նկատմամբ մնացյալ ֆինանսական պարտավորվածությունները 2019 թվի համեմատ գրեթե 2 անգամ ավելացել են: Եթե, օրինակ, 2019 թվականին մեր կենտրոնի պարտավորությունները կազմել են մոտ 80 միլիոն ՀՀ դրամ, ապա՝ անցյալ տարի դրանք կազմել են մոտ 155 միլիոն ՀՀ դրամ: Հիմնանորոգել ենք գլխավոր մասնաշենքն ամբողջությամբ, իսկ դա կազմում է 4000 քմ տարածք, լավագույն կերպով կահավորել ենք բոլոր հարկերը, բոլոր բաժանմունքները, հիվանդասենյակները, սանհանգոււյցներն ու աշխատասենյակները, նաև ամբողջությամբ փոխել ենք արտաքին և ներքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը: Հիմա վերելակի հորանն ենք կառուցում: Ավելի քան վստահ եմ, որ հետագայում էլ մեր կենտրոնի զարգացման տեմպերը չենք նվազեցնելու: