Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք
Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:
Մաս 1
Նախորդ հոդվածում գրել էի այն մասին, որ այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին եւ նրա կողմից Հայաստանյան իրականության մեջ ներմուծված նիկոլիզմին ոչ թե անձ է, այլ մեր ազգային կացության արմատապես տարբեր հայեցակարգ։
Այդ հայեցակարգի երեք հիմնասյուներն են՝
Հայահավաք. Պատմական հայրենիքի պահպանված հատվածներում հայկական բնակչության շարունակական աճ ու կենտրոնացում։
Արդիականացում. Հայաստանում առաջադեմ, բարձր արտադրողական տնտեսության եւ դինամիկ ու ազատ հասարակության կառուցում։
Ռազմականացում. Հայության եւ Հայաստանի անվտանգային կարողությունների հետեւողական ընդլայնում, տարածաշրջանում ինքնուրույն խաղացող դառնալու հեռանկարով։
Այս երեք հենասյուները խորապես փոխկապակցված են եւ ընդհանուր հայեցակարգային ամբողջություն են կազմում, սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի նաեւ իր սեփական առանձնահատկություններն ու գործողությունների հաջորդականությունը, ուստի հետագա շարադրման մեջ ես կփորձեմ սկզբից բացահայտել յուրաքանչյուր ուղղության հիմնական տարրերը, եւ այնուհետեւ կներկայացնեմ դրանք ընդհանուր ամբողջության մեջ։
Այսօրվա դիտարկման կիզակետը Հայահավաքն է։
Հայահավաքը, որքան էլ բաղձալի, այդուհանդերձ մեր իրականության մեջ դժվարին գործընթաց է։ Սկսած 11-րդ դարում Բագրատունյաց իշխանության անկումից ընդհուպ մեր օրեր՝ հայության իրականությունը ոչ այնքան հավաքն է, որքան ցրումը. մարդիկ դարերով հեռացել են պատմական հայրենիքից անվտանգության պակասի, բռնաճնշումների, էթնիկ զտումների, հետո էլ արդեն տնտեսական հնարավորությունների պակասի պատճառով։ Արդյունքում՝ պատմական հայրենիքի տարածքում հայ բնակչության թիվը համարյա երբեք չի գերազանցել 3 միլիոնը, այն դեպքում, երբ մեր ոխերիմ հարեւան ազերիները, սկսելով անցյալ դարը 2 մլն բնակչությունով, այսօր արդեն Հարավային Կովկասում մոտ 8 միլիոն են կազմում։
Հայության պատմության մեջ եղել են նաեւ հավաքի շրջաններ։ Այդպիսին էր 19-րդ դարի մեծ մասը, երբ Արեւելյան Հայաստանն անցավ Ռուսաստանի գերիշխանության ներքո, եւ այստեղ հայության հոսք սկսեց Օսմանյան ու Պարսկական կայսրությունների տարածքներից։ Նմանատիպ միտումներ, թեեւ որոշակի տարբերությամբ, նկատելի էին 20-րդ դարի սկզբում եւ միջին հատվածում, երբ արեւմտահայ գաղթականության մի ստվար հատված հանգրվանել էր անկախ, իսկ հետո նաեւ Խորհրդային Հայաստանում։
Բացառությամբ անկախ հանրապետության կարճատեւ ժամանակաշրջանի, երբ հայահավաքը հարկադրված բնույթ էր կրում եւ պայմանավորված էր Արեւմտյան Հայաստանի կորստով, մնացած ամբողջ ընթացքում Հայահավաքի անվտանգային երաշխավորը հանդիսացել է սկզբում Ռուսական կայսրությունը, հետո էլ Խորհրդային Միությունը, եւ հայ մարդիկ տեղափոխվում էին Արեւելյան Հայաստան, որովհետեւ նրանց գիտակցության մեջ այն վերջապես հարաբերականորեն անվտանգ եւ ապահով տեղ էր դարձել, ու այնտեղ կարելի էր կառուցել իրենց ընտանիքների ապագան։
Այսօր, սակայն, անվտանգության այդպիսի արտաքին երաշխավոր գոյություն չունի։ Ռուսաստանի Դաշնությունը, իր ողջ հավակնություններով հանդերձ, ո՛չ 19-րդ դարի աշխարհակալ Ռուսական կայսրությունն է ո՛չ էլ գերհզոր Խորհրդային Միությունը, եւ այս օրերին կենտրոնացած է ավելի շատ սեփական անվտանգության վրա։ Անվտանգության այլ միարժեք երաշխավոր Հայաստանը եւս չունի, թեեւ շրջանառության մեջ են դրված տարբեր, ըստ իս, ավելի շատ ցանկալի, քան իրական տարբերակներ։
Այս պայմաններում, առնվազն առաջիկա մեկ տասնամյակում, ակնկալել հայության զանգվածային ներգաղթ իրատեսական չէ, նույնիսկ շատ մեծ ջանքերի դեպքում։ Դրա փոխարեն, ապագա հայկական պետությունը եւ նրան աջակցող քաղաքական ու հասարակական ուժերը պետք է կենտրոնանան ակտիվ հայկական տարրի ներգաղթի վրա՝ մարդկանց, որոնք Հայաստան են վերադառնում ոչ այնքան անվտանգության եւ բարեկեցության ետեւից, որքան սեփական հայրենիքում անվտանգության եւ բարեկեցության հիմքերը ամրացնելու եւ այն որպես այդպիսին սերունդներին թողնելու նպատակով։ Այդպիսին է եղել, օրինակ, Իսրայելի պետություն ներգաղթողների առաջին ալիքների մտայնությունը, որոնք անապատում, շրջափակված թշնամիներով, սկզբում նույնիսկ առանց պետության նոր ազգային կյանքի հիմքեր էին դնում։
Եթե նույնիսկ սփյուռքի հայության մեջ այդպիսի նվիրյալները մի քանի տոկոս են կազմում, մեր նպատակը պետք է դառնա այդ նվիրյալների ներուժը կենտրոնացնել հայրենիքում, քանի որ դա է այսօր վտանգված, եւ նրա պաշտպանությունն է հայության կենտրոնական խնդիրը։
Հայկական պետությունը բազմաթիվ անելիքներ ունի այստեղ, սկսած ներգաղթողների համար կոնկրետ արտոնություններից, վերջացրած՝ նոր բնակավայրերի կառուցմամբ, քանի որ ապագա ներգաղթը չպետք է տեղի ունենա Երեւանի շարունակական ուռճացման հաշվին, այն պետք է նաեւ միջոց դառնա Հայաստանի մարզերը ամրացնելու համար, որոշ դեպքերում նաեւ ներգաղթողների համար նոր, ի սկզբանե կյանքի գրավիչ պայմաններ ապահովող, միաժամանակ ռազմավարական խնդիրներ լուծող բնակավայրերի կառուցմամբ։
Այսպիսի բնակավայրեր կարող են հայտնվել նոսր բնակեցված, սակայն մեծ ներուժ ունեցող Սյունիքում եւ Վայոց ձորում, Տավուշի եւ Գեղարքունիքի սահմանամերձ հատվածներում, բարձր տեխնոլոգիական եւ տուրիստական նոր հանգույց կարող է հայտնվել Հրազդան եւ Սեւան քաղաքների միջեւ գտնվող, բնակության համար բարենպաստ հարթավայրում (այսօր արդեն այնտեղ սկսվել է «Գագարին» ծրագիրը):
Պետությունից բացի, ներգաղթի խնդրում մեծ դեր ունեն քաղաքական եւ հասարակական ուժերը։ Հայրենադարձության որոշումը դժվարին է ցանկացած ընտանիքի համար, մանավանդ հաշվի առնելով Հայաստանի առաջիկա տարիների իրականությունը եւ սպասվող վտանգները։ Որպեսզի կոնկրետ անձը կամ ընտանիքն այդպիսի որոշում կայացնի, այն պետք է ըստ ամենայնի խրախուսվի տեղի հանրային կարծիքի կողմից, մինչեւ որոշում ընդունելը պետք է հնարավորություններ լինեն ծանոթանալ հայրենիքում կյանքի պայմաններին, սեփական կարողությունները այնտեղ ի սպաս դնելու կոնկրետ միջոցներին։ Հայրենիքում ապրողները պետք է ըստ ամենայնի ողջունեն եւ ներգրավեն հայրենադարձներին, դիտարկելով նրանց ոչ թե որպես մրցակից, այլ գործընկեր հայրենիքի պաշտպանության եւ բարգավաճման ընդհանուր գործում։
Այս ամենը պահանջելու է շարունակական բացատրական աշխատանք, ուսուցում, հնարավորությունների ստեղծում, ցանկալի վարվելակերպի խրախուսում, եւ այս ամենը հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների խնդիրն է։ Կարեւոր դեր ունի նաեւ մեր եկեղեցին, որը պետք է դժվարին ընտրություն կատարի հայրենիքը պաշտպանելու հրամայականի եւ սեփական հոտը Սփյուռքի համայնքներում առժամանակ թուլացնելու այլընտրանքի միջեւ։ Եթե սակայն եկեղեցին, սփյուռքահայ եւ հայաստանյան քաղաքական եւ հասարակական կառույցները բոլորը միասին հայրենադարձության շուրջ միասնական դիրքորոշում ձեւավորեն, իրատեսական կլինի մոտակա 10 տարիների ընթացքում մոտ 50 000-70 000 հայ ընտանիքների վերադարձը Հայաստան, ընդ որում՝ այնպիսի մարդկանց, որոնք գալու պահից կլծվեն երկիրը ամրապնդելու եւ շենացնելու գործին, եւ մեծ հավանականությամբ, կդառնան նրա կենսունակության կարեւոր ամրանը։ Միանալով նաեւ հայրենիքում բնակվող հայության ստեղծարար եւ պայքարող հատվածին՝ նրանք կարող են հայրենիքում ձեւավորել ամուր ազգակենտրոն կորիզ, այն այլեւս երբեք թույլ չի տա ապազգային տարրերին իշխանության զավթում իրականացնել Հայաստանում։
Հայահավաքի համատեքստում առանձին պետք է անդրադառնալ դեպի Արցախ ներգաղթին։ Ի տարբերություն ներկայիս Հայաստանի Հանրապետության, որի բնակչությունը զգալի չափով ձեւավորվել է ներգաղթի բազմաթիվ ալիքների միջոցով, Արցախի բնակչությունը բնիկ է, եւ այն երբեք ներգաղթի մեծ ալիքներ չի տեսել։ Սակայն Արցախը եւս այսօր կարիք ունի մարդկանց, որոնք կզարգացնեն Արցախի տնտեսությունը նոր պայմաններում, կզինվորագրվեն նրա զինված ուժերին, նոր կրթական կարողություններ կստեղծեն նրա բնակչության համար։ Ենթադրելով, որ Հայաստանի ապագա իշխանությունը ոչ միայն չի իջեցնելու, այլ նոր հետեւողականորեն բարձրացնելու է Արցախի կարգավիճակի նշաձողը, այն նաեւ Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված քաղաքականություն պետք է իրականացնի՝ խրախուսելու ստեղծարար եւ մարտունակ տարրի ներգաղթ Արցախ՝ տեղում մեր ընդհանրական կարողությունները ընդարձակելու եւ Արցախի սուբյեկտայնությունը շարունակաբար բարձրացնելու նպատակով։
Թեեւ Հայահավաքի հիմնական գործոնն առաջիկա տարիներին պետք է լինի հայրենադարձությունը, երկարաժամկետ հեռանկարում կարեւոր գործոն է նաեւ բնական աճը։ Վերջին տարիներին ծնելիությունը Հայաստանում կայունացել է 1000 բնակչին տարեկան 12.5 ծնունդ մակարդակի վրա, որն անբավարար է բնական վերարտադրության համար, մանավանդ՝ շարունակվող արտագաղթի եւ պատերազմական վտանգի առկայության պայմաններում։ Հետագայում բավարար վերարտադրություն եւ բնական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ծնելիության առնվազն 20%-ոց աճ Հայաստանում։ Բազմաթիվ երկրների ծնելիության խթանման փորձը ցույց է տալիս, որ պետական խթանման տարատեսակ լծակները միայն ածանցյալ եւ ժամանակավոր ազդեցություն են թողնում ծնելիության վրա, իսկ ծնելիության կարեւորագույն գործոնը հանրային կարծիքն է։
Օրինակ, մշտական պատերազմական վտանգի պայմաններում ապրող Իսրայելում, թեեւ հրեա բնակչությունը գերուրբանիզացված է, այն վերջին տասնամյակներին շարունակաբար պահպանում է ծնելիության բարձր մակարդակ, այն տրամաբանությամբ, որ երկրի տարածքում հրեա բնակչության աճի տեմպը չզիջի արաբական բնակչության աճին։ Նույնը պետք է տեղի ունենա Հայաստանում՝ ցանկացած հայ ընտանիք, որն ապրում է երկրի պաշտպանության հրամայականով, պետք է գիտակցի, որ երկիրն առաջին հերթին պաշտպանվում է մարդկանցով, իսկ այդ մարդը ծնվում, սնվում եւ երկրի պաշտպանի գիտակցությամբ է դաստիարակվում ընտանիքում։
Ուստի երկրի պաշտպանությունը սկսվում է ընտանիքում երեք ու ավելի երեխա ունենալուց, նրանց մանուկ հասակից երկրի պաշտպանության գիտակցությամբ դաստիարակելուց, կրթելուց, մարզելուց եւ համապատասխան արժեքներ սերմանելուց։ Ով դա չի անում՝ երկմտում է երրորդ երեխան ունենալուց, ֆիզիկապես եւ մտավոր չի կրթում իր երեխային, ծնված օրից մտածում է նրան բանակից ազատելու մասին, նա այդպիսով ջուր է լցնում նիկոլիզմի ջրաղացին, պատրաստում է թույլ սերունդ, որը ոչ միայն ընդունակ չէ պաշտպանել հայրենիքը, այլեւ դեռ ուրիշի երեխան էլ պետք է պաշտպանի նրան ու նրա նմաններին։
Ուստի, բոլոր այն մարդիկ, որոնք այսօր դուրս են եկել փողոց՝ երկիրը Նիկոլից եւ նիկոլիզմից ազատելու համար, պետք է այսօր իսկ նաեւ հստակ որոշում ընդունեն, այս փուլը հաջողությամբ ավարտելուց հետո հաջորդիվ նրանք պետք է լծվեն հայրենիքում հայահավաքի գործին, յուրաքանչյուրն իր տեղում, իր ընտանիքում նոր հայ սերունդ ծնելու եւ դաստիարակելու միջոցով, եւ դա կլինի լավագույն տուրքը մեր երկրի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։
Հայահավաքը կենսական նոր ավիշ կտա մեր երկրի անվտանգության եւ բարգավաճման գործին։ Դրա մասին հաջորդիվ, իսկ մինչ այդ, եթե դուք կարդացել եք այս տողերը եւ ցանկություն ունեք մեր երկիրը ազատել նիկոլիզմի մետաստազներից, ձեզ համար հստակ որոշում ընդունեք, թե ինչպես եք մասնակցում 21-րդ դարի նոր հայահավաքին։
Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է: