Գյուղական տուրիզմի զարգացման նպատակով Եվրամիության ֆինանսավորմամբ  Լոռու մարզի Հալավար գյուղում ստեղծվել է «Էկո Հալավար» սոցիալական ձեռնարկությունը, որը միտված է համայնքի զարգացմանն ու սոցիալական խնդիրների  լուծմանը:  Գյուղացիները  սոցիալական ձեռնարկության շահառուներ են, այցելուներին առաջարկում  են էկոլոգիապես մաքուր գյուղմթերք:  Գյուղական հանգստի գոտին ներկայանում է «Ոստանի» ապրանքանիշով:

Չվնասել բնությունն ու ճիշտ օգտվել նրա բարիքներից. 29-ամյա Հենրիկ Մխիթարյանը Լոռվա գեղատեսիլ բնության մեջ է գտել այն վայրը, որտեղ իրականացնելու էր փայփայած երազանքը: Անկեղծանում է՝ ցանկությունն ապագայի համար էր, բայց որոշեց  ձեռքից բաց չթողնել ներկան.



«Միշտ մտածել եմ, որ մեծ տարիքում  ամեն ինչից կտրված մի տեղ գնամ ու ապրեմ: Հետո մտափոխվեցի. ինչո՞ւ մեծ տարիքում,  երբ կարելի է հիմա զբաղվել, որովհետև բնություն շատ եմ սիրում: Հետո սկսեցինք ընտանիքով ռեսուրսներ հավաքել ու կամաց-կամաց  այն իրագործել»:

Երազանքների իրականացման ամենահարմար վայրը Գուգարքի տարածքի Հալավար գյուղն էր: Հենրիկը որոշել է բնակավայրը դարձնել  էկո-ագրոտուրիզմի կենտրոն: Ասում է՝ բնական միջավայրն ունի  օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու բոլոր նախադրյալները։

«Գյուղը ճանապարհներից շուրջ 7-8 կմ հեռու է, աղբավայրեր չկան, քիմիական արտանետումներով ոչ մի գործարան ու արտադրամաս չկա, այսինքն՝ բնությունն ամբողջովին էկոմիջավայր է ու հնարավորություն է տալիս  թե օրգանական գյուղատնտեսության, և թե էկոտուրիզմի  զարգացման համար»:



Հալավարում տեղացիներն անասնապահությամբ, մեղվապահությամբ ու ձկնաբուծությամբ են զբաղվում: Լեռնաջուր գետի ափին՝ ալպիական մարգագետիններում,  Հենրիկ Մխիթարյանը սկսեց մեղվապահությունից, հետո հիմնեց   «Էկո Հալավար» սոցիալական ձեռնարկությունը, որը կարող է շրջադարձային հնարավորություն դառնալ սարերում  ծվարած գյուղի  համար: «Էկո Հալավար» սոցիալական ձեռնարկությունը գյուղական տուրիզմի կենտրոն է.

«Մեզ համար կարևոր է, որ մեր շահառուները լինեն գյուղի բնակիչները՝ վաճառեն իրենց  գյուղմթերքը,  աշխատեն այստեղ  և տարբեր ծառայություններ մատուցեն: Մենք գյուղական սննդի բաղադրիչ ունենք. հաճախորդներին գյուղական սնունդ առաջարկենք, ու այդ ամեն ինչը ձեռք բերենք գյուղի բնակիչներից»:



Հալավարում ագրոտուրիզմի զարգացմանն աջակցել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը  «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում, Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի համակարգող Լուսինե Վերդյանն ասում է՝ այն միտված է համայնքի սոցիալական  խնդիրների լուծմանը.

«Գաղափարը՝ որպես համայնքային զարգացման ծրագիր, հաստատվել է  և  անցնելով GREENcubator աքսելերացիոն ծրագիրը՝ ֆինանսավորվել է: Հենրիկը աշխատանքները բարեհաջող է իրականացրել, և երկրորդ ֆինանսավորումը ստացել բրենդինգի համար՝ ստեղծելով ապրանքանիշ: «Էկո Հալավարը» փոխարինվեց «Ոստանի» գյուղական հանգստի գոտու»:

Սոցիալական ձեռնարկությունը ներառում է փայտե հյուրատնակներ, որից մեկը նախատեսված է ապիթերապիայի՝ մեղվաբուժության համար: Հենրիկն ասում է, որ այն տարբեր հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակով է ստեղծվել.



«Փեթակների վրա են պառկում, կառուցվածքն այնպիսին է. որ մեղուները տնակ չեն մտնում, դրսից են մտնում փեթակ ու դուրս գալիս, մարդուն մոտ չեն գալիս»:

Հենրիկ Մխիթարյանի ընտանիքը ներգրավված է սոցիալական ձեռնարկության աշխատանքներին, զբաղվում են  նաև օրգանական մեղրի արտադրությամբ և ունեն նոր ապրանքատեսակ՝ կրեմ- մեղր:

Հալավարի գյուղական էկոտուրիզմի կենտրոնը նախատեսել է կազմակերպել նաև վայրի բնությանը չվնասելու դասընթացներ․ սովորեցնելու են, թե ինչպես օգտվել բնության բարիքներից՝ առանց կոտրելու ճյուղերն ու արմատախիլ անելու բույսերը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն