ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Վիտալի Սավելևի այցը Հայաստան։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամական հարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։



Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես «Վերին լարսի» հարցով մշտական աջակցության համար։

Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ այդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։

Քննարկվել է նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն