Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին
Թալինի օրը տեղացիների որոշմամբ նշվում է յուրաքանչյուր տարվա հուլիսի 3-րդ շաբաթ օրը։
Այս տարի այն նշանավորվել է գունեղ միջոցառումներով։
Ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։
Քաղաքի կենտրոնական փողոցները ողողված են եղել վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ:
Միջոցառումը պաշտոնապես ազդարարվել է ժամը 17․00-ին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելել են Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհել Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրել են Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացել է թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին։
Տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունել է Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։
Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորել է շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր է հանձնել Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների,երիտասարդների․․․
Տոնը շարունակվել է երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացել են մասնակիցները։
Թալինի օրն ամփոփվել է 22․00-ին՝ շքեղ հրավառությամբ։