Վաղը  Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները: Ըստ պաշտոնական հաղոդագրությունների՝ քննարկման առանցքում սիրիական կարգավորման հարցն է, նախատեսված են նաեւ առանձին երկկողմ հանդիպումներ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն,   հանդիպումից առաջ նշել է, որ տարածաշրջանում կան սուր հակամարտություններ, եւ դրանք ներառվելու են քննարկումներում։

Փորձագետները սպասվող հանդիպումը համարում են «3+3» ձեւաչափի կորիզի հանդիպում, որի ընթացքում, վստահ են,  տարածաշրջանում ապաշրջափակման  հարցերը չեն շրջանցվելու։ Հայաստանով անցնող ճանապարհների հարցում, մինչդեռ,  լուրջ հակասություններ կան Իրանի ու Թուրքիայի միջեւ՝  նկատում  են փորձագետները՝ հիշեցնելով  տարածաշրջանում Ռուսաստան-Արեւմուտք պայքարի տարբեր դրսևորումներ։

Հուլիսի 19–ին Իրանում նախատեսված է Պուտին-Էրդողան-Ռաիսի հանդիպումը։ Սպասվող իրադարձությունը բավականին ուշագրավ է՝ Արեւմուտք-Ռուսաստան առճակատման պայմաններում։ Թեեւ տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ընթանալու է սիրիական հարցով  «Աստանայի ձևաչափի» շրջանակում, սակայն փորձագետները համոզված են՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առաջնորդները չեն շրջանցելու Հարավկովկասյան տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը։ Շատերն անգամ հակված են կարծել, որ այն  առաջին հերթին հենց Հայաստանով անցնող կոմունիկացիաների բացման հարցերը քննարկելու նպատակ ունի։ Առաջիկա հանդիպումը նաև «3+3» ձեւաչափի հիմնական խաղացողների՝ Մոսկվայի, Թեհրանի ու Անկարայի առաջնորդների  հանդիպումն է։ Իրանագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ՝  երեք երկրներին միավորում է Արեւմուտքին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակը․

«Այս երեք երկրներն էլ կենսական մեծ շահեր ունեն մեր տարածաշրջանում, երեք երկրներն էլ համարվում են այս տարածաշրջանի լուրջ խաղացողներ։ Այո, հնարավոր է նաեւ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված հարցեր քննարկվեն»։

Մեր տարածաշրջանում ապաշրջափակման հարցում լուրջ հակասություններ կան, մի կողմից,  Իրանի ու Թուրքիայի , մյուս կողմից,  Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ՝ ասում է քաղաքագետը։ Նա թեհրանյան  հանդիպումը նաև «3+3» ձեւաչափով հանդիպում է համարում՝  հիմնական խաղացողների միջեւ․

«Դա «3+3»-ի 1/3-ի հանդիպումն է, եւ բացառված չէ, որ քննարկվի նաեւ մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցը, որովհետեւ երկաթգծերը կարող են միացնել Ռուսաստանը Իրանի հետ, Պարսից ծոցը, Սեւ ծովի հետ եւ այդ ճանապարհներն անցնում են Նախիջեւանով, Հայաստանով, Վրաստանով, Իրանով»։

Վրաստանն այս ձեւաչափով առանձնապես հետաքրքրված չէ, անգամ հանդիպումներին  ներկայություն չի ապահովել՝ հիշեցնում է զրուցակիցս, նաև նկատելով, որ Թբիլիսին անտարբեր չէ քննարկվող հարցերի նկատմամբ․  եթե Հայաստան-Ադրբեջան երթուղին աշխատի, Վրաստանի նավահանգիստները դատարկ կմնան՝ տնտեսական մեծ կորուստների հանգեցնելով։ Թբիլիսին ավելի շատ հակված է հյուսիս-հարավ ուղղությամբ ենթակառուցվածքների գործարկմանը, քանի որ դրանք անցնում են Վրաստանի տարածքով։

Իրանը  կոշտ է արձագանքել ապաշրջափակման  սկզբունքներին՝ հստակ հայտարարելով, որ թույլ չի տա և իր, և  հարեւան երկրների սահմանների որևէ փոփոխություն։ Այս հարցը «կարմիր գիծ» է ինչպես Իրանի, այնպել էլ Հայաստանի համար։ Իրանը անվտանգության նկատառումներով է զգուշանում՝ ասում է քաղաքագետը․

«Իրանը հայտարարել է, որ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, եւ պետք է հասկանանք, որ դա Իրանի տարածքային ամբողջականության հետ կապ ունի, որովհետեւ Հյուսիսային Իրանում մեծ քանակությամբ ադրբեջանցիներ կան, այնտեղ ազգային գիտակցության բարձրացում է սկսվել եւ ըստ տարբեր տեսակետերի՝ հնարավոր է Արեւմուտքի օգնությամբ ազգային ընդվզումներ սկսվեն, ապստամբություն լինի եւ բնական է, որ Իրանին պետք չէ, որ Թուրքիա–Ադրբեջան կապն սկսի աշխատել, քանի որ Մեղրիով կապը կարող է ռազմական նշանակություն ունենալ։ Եթե ճանապարհը Հայաստանի վերահսկողությունից դուրս գա, այնտեղով կարող են ռազմական տեխնիկա ու զորքեր տեղափոխել, ինչը բնական է , որ կարմիր գիծ է Իրանի համար։ Թուրքիան հակառակ նպատակներն ունի»։

Իրանագետ Արմեն Վարդանյանը նույնպես համոզված է, որ  Թեհրանը զգուշանում է Հայաստանով անցնող ճանապարհների վերահսկողության հարցում․

«Իրանը դեմ չէ ապաշրջափակմանը, սակայն դեմ է սահմանների փոփոխությանը, դեմ է եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» էքստրատերիտորիալ նշանակություն ունենա, այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնի, բայց Հայաստանը չվերահսկի այդ ճանապարհը ։ Դրան դեմ է Իրանը, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ Իրանը հյուսիսից կմեկուսացնեն եւ Իրանին շատ ծանր դրության մեջ կդնեն»։

Քանի որ, ըստ իրանագետի,  Թեհրանը տեսել է, թե ինչպես են իրանցի բեռնատարների  վարորդները ձերբակալվում  Գորիս-Կապան ճանապարհին։ Թեհրանը գիտի, որ Թուրքիան ու Ադրբեջանը հնարավորության դեպքում կփորձեն մեկուսացնել Իրանին եւ այս կամ յան հարցում կախվածության մեջ գցել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն