Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: 

Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հանդիպման ժամանակ, որին ներկա է եղգտնվել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:



«Իրականացվող նախագծերի շրջանակում երկու կառույցներն այսօր քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու մանկապարտեզների վերանորոգման ուղղությամբ:



Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ դրանք մայրաքաղաքում ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:



Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է, որ համատեղ ծրագրերն իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին:



Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը»,- նշված է գրառման մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն