450 մետրից 100 մետրը՝ ծրագրից դուրս․ Գյումրիի Մեքենավարների փողոցը 2022-ի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ չի հիմնանորոգվի
2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիի տասնյակ փողոցներում շինարարական աշխատանքներ են։ Դրանք հիմնականում երկրորդական փողոցներում են ու ամեն մեկում նախատեսված հիմնանորոգումները փոքր ծավալի են, ավելի ճիշտ՝ ոչ ամբողջական։ Երկաթգծի բանավանի Մեքենավարների փողոցը, որն ունի ընդամենը 450 մետր երկարություն, լրիվությամբ չի ասֆալտապատվի։ Նախագծից դուրս է մնացել 100 մետր երկարության հատվածը։ Սա տարածքի բնակիչները համարում են անհասկանալի մոտեցում, իսկ ծրագրում չընդգրկելու մասին տրված բացատրությունները՝ մի փոքր տարակուսելի։
«Երբ որ եկան չափեցին փողոցը, վերևից ներք իջան, բայց սկսեցին քանդել ներքևից, բացատրեցին, որ ծրագրի մեջ վերևի հատվածը ընդգրկված չէ։ Մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչու»,- դժգոհում են բնակիչները։
Բայց թե ինչպես է նախագիծ կազմվել, որ փողոցի 350 մետր հատվածն է հայտնվել փողոցաշինական ծրագրում, բնակկոմումալ բաժնի պետը դա բացատրում է մեծ ծախսերով, որոնք առաջ կգային փողոցի հենց այդ 100 մետրի վրա։
«450 մետրից մենք այս պահին 350 մետրն ենք ներառել ծրագրի մեջ, մնացած 100 մետրը խնդիր ուներ կոյուղագծերի հետ կապված, իսկ 2022 թվականի ֆինանսական միջոցները սուղ էին»,- պարզաբանում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ եվ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։
Հիմա այդ 100 մետրը անբարեկարգ է մնալու, իսկ փողոցի սկզբնամասը կունենա մայթերով ասֆալտապատում ու լուսավորություն։ Ի դեպ, չնորոգվող հատվածում լուսավորության ցանցն էլ չի հասնի։ Կոմունալ բաժինը խոստանում է 100 մետրի հարցերը լուծել հաջորդ տարում, այսինքն՝ հիմնանորոգված փողոցով շինտեխնիկա են տանել-բերելու։
Աշխատանքները դեռ չսկսած շինարարն արդեն ներքին կոմունիկացիաների վիճակից է բողոքում։ Թաղամասի ու տվյալ փողոցով անցնող կույուղատար ցանցը քայքայված է։ Բարդ ու դժվար խնդիրը շինարարի համար նոր կոյուղագծերն անցկացնելն է։ Թեև կոմունալ բաժնի պետը հավաստիացնում էր, թե նախագծով որոշ հատվածներում կոյուղին վերանորոգվելու է։
«Կոյուղագծերը բանի պետք չեն, հիմա դիմել ենք Երևան, տեսնենք՝ ինչ կորոշեն, հնարավոր է նորով փոխարինենք, որովհետև լրիվ խցանված են ու վթարված»,- ասում է «Լենճանշին» ընկերության աշխղեկ Հրաչ Գալստյանը։
Երկաթգծի բանավան թաղամասում փողոցների մեծ մասը նախորդ տարիներին տարբեր ծրագրերով հիմանորոգվել է, մեքենավարների փողոցը եզակիներից է, որը մնացել է անբարեկարգ ու դարձյալ կիսով չափ կմնա չնորոգված։ Այն, որ նախագծից դուրս մնացած փողոցի 100 մետրին հերթ կհասնի հաջորդ տարի, քաղաքապետարանի պատախանատուն վստահ է ասում, քանի որ արդեն պատրաստում են 2023 թվականի սուբվենցիոն փաթեթները, որոնցում ընդգրկված է նաև մեքենավարների փողոցի այդ հատվածը։