Բանակցել դժգոհելով, բայց հուսալով. չնայած Բաքվի ոչ պատշաճ գործելաոճին՝ Հայաստանը «լավ նորություն» է նկատում
Փաշինյան-Ալիև նոր հանդիպման հավանականությունը մեծ է՝ լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Ընթանում են բանակցություններ։ Հստակ ժամկետեր Աղաջանյանը չի նշել, սակայն շեշտել է՝ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն կա դիվանագիտական հատվածում, հանդիպումները հաճախակի են ու տարբեր ձևաչափերով:
Դրանցից վերջինն էլ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն էր, որը տարբեր շրջանակներում, այդ թվում և Ադրբեջանի նախագահի կողմից գնահատվել է որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջին քայլ: Կողմերը, սակայն, պարբերաբար բարձրաձայնում են նաև այն խնդիրների մասին, որոնք խանգարում են բանակցություններին։ Դրանցից մի քանիսն այսօր շեշտվել են խորհրդարանում։
Տարբեր ձևաչափերով հայ-ադրբեջանական հանդիպումներից հետո ամեն անգամ նոր տարընթերցումների խնդիր է առաջանում, և դա՝ հիմնականում ադրբեջանցի պաշտոնյաների կողմից բանակցություններին հաջորդող հայտարարությունների պատճառով։ Այդպես առաջացավ «Զանգեզուրի միջանցք»-ի շահարկումը, թեև միջնորդները և Հայաստանը բազմիցս հերքել են «միջանցքային» բանակցությունների հնարավորությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն արդեն բաց տեքստով դժգոհում է․
«Ադրբեջանը մշտապես առանձնացել է նման գործելակերպով։ Սա առանձնապես չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին, բնականաբար, բայց ցավոք, մեր հարևաններնառանձնանում են նման ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող գործելակերպով»։
Այս կարգի դժգոհությունները, բայց, դեռ առիթ չեն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրում» քննարկեն բանակցությունները որևէ փուլում առկախելը կամ գործընթացից հրաժարվելը։ ՔՊ-ական պատգամավորներ Սարգիս Խանդանյանի և Էդուարդ Աղաջանյանի ներկայացմամբ՝ իրենք այլ աշխատանքի մանդատ ունեն․
Սարգիս Խանդանյան. «2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեր քաղաքական թիմը հայտ է ներկայացրել առաջնորդել երկիրը խաղաղության օրակարգը առաջ մղելով։ Տարածաշրջանում մենք պետք է լուծենք մեր խնդիրները մեր հարևանների հետ և այդ ուղղությամբ մենք մեր ջանքերը եռապատկելու, քառապատկելու ենք, որպեսզի, ի վերջո, խաղաղություն հաստատվի տարածաշրջանում»։
Էդուարդ Աղաջանյան. «Դիցուք, մենք որոշում ենք կայացնում ընդհանրապես դուրս գալ այս գործընթացներից և սառեցնել ցանկացած բանակցություն թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի հետ։ Հարց՝ ի՞նչ է դա տալու Հայաստանին կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։ Քանի դեռ այս հարցի պատասխանը որևէ դրական ազդակ չի հաղորդում մեզ, բնականաբար, մենք նման որոշում չենք կայացնի։ Իսկ հակառակը՝ մնալ և շարունակել բանակցությունները՝ չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, ունի շատ հստակ, պրագմատիկ նպատակ և առնվազն հնարավոր դրական արդյունք»։
Այս տրամաբանությամբ նախապատրաստվում է հերթական բարձրաստիճան հանդիպումը։ Փաշինյանն ու Ալիևն առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն։ Հայաստանի խորհրդարանում հաստատում են՝ բանակցություններ կան, ժամկետեր՝ ոչ։
Ուշագրավ են սրան նախորդած հայտարարությունները։ Նախօրեին Ալիևն էր ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել, որ Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու առաջին քայլն է: Դրանից առաջ Թուրքիայի նախագահն էր փաստել՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն իրականում եռակողմ են։ Էրդողանը չի թաքցրել, որ Անկարան իր քայլերը համակարգում է Բաքվի հետ, և միայն Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո Անկարան կբացի սահմանները: Այս իրողությունը չպետք է շոկային լինի Հայաստանի համար՝ կարծում է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը․
«Արդյո՞ք դրանով պետք է պայմանավորված լինեն մեր դիրքորոշումներն ու գործողությունները՝ ոչ։ Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կհամաձայնեցնի՝ թերևս իրենց գործն է։ Կոնսուլտացիաներ է, թող անեն։ Մեզ մեր շահը պետք է հետաքրքրի, չէ՞, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումներ կատարվեն և, որ այդ ընթացքում մենք մեր ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին։ Այդպես էլ անում ենք»։
Հայ-թուրքական գործընթացում որոշակի շարժ վերջին շրջանում նկատելի է, թեև շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը նախօրեին հայ-թուրքական սահմանին էր Կարսի տարածքից։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ Քըլըչի սահմանային այցի քողարկված միտում տեսնել պետք չէ․
«Պայմանավորվածությունների շրջանակներում, բնականաբար, որոշակի նախնական աշխատանքներ պետք է իրականացվեն, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Հայելային տրամաբանությամբ նույն հարցերը և պրակտիկ խնդիրները, ենթադրվում է, որ առկա կլինեն թե հայկական, թե Թուրքիայի կողմից մերձսահմանային տարածքներում։ Եվ հաշվի առնելով, որ պայմանավորվածությունները ենթադրում են նաև լոգիստիկ խնդիրների լուծում, բնականաբար, Հայաստանի կողմից ևս նմանատիպ գործընթացներ պետք է տեղի ունենան։ Կարծում եմ՝ սա ողջունելի է և ցույց է տալիս, որ պայմանավորվածություններն արդեն գործնական փուլ են անցնում, և սա լավ նորություն է»։
Հայաստանի և Թուրքիայի բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք էր բերվել երկու առարկայակական պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և օդային ուղիղ բեռնափոխադրումներ իրականացնելու համար։ Չնայած տարբեր կարծիքներին ու վերապահումներին՝ սա երկու կողմում էլ գնահատվեց որպես տասնամյակներով փակ սահմանների միջև նոր շարժի հնարավորություն։