Հրազդան քաղաքին կփոխանցվի «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը
Հուլիսի 30-ին Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է Հրազդան քաղաքին։
Ծրագրի պաշտոնական բացման արարողությանը և միջոցառումներին ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Դեռևս 2021 թվականի տարեվերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների համադրմամբ Հրազդանը հռչակվել է 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք։ Հրազդանը հաղթող է ճանաչվել՝ գերազանցելով հայտատու մյուս քաղաքներին՝ Ալավերդի, Արմավիր և Եղեգնաձոր։
Այս տարվա ընթացքում, ի թիվս մինչ այժմ իրականացված բազմաթիվ երիտասարդական ծրագրերի, երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում են կազմակերպվելու օգոստոսի 12-ի «Երիտասարդության միջազգային օրվան» նվիրված հիմնական միջոցառումները, Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը, «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը և մի շարք այլ հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ, երիտասարդական ցուցահանդես-տոնավաճառներ՝ ուղղված երիտասարդների հիմնահարցերի բացահայտմանն ու լուծմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթը։
Նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը՝ խթանելով ՏԻՄ-ի կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերի ծավալները:
Ծրագիրը կնպաստի նաև համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների զարգացմանը, միջհամայնքային երիտասարդական կենտրոնների/միջավայրերի ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը:
Միևնույն ժամանակ ծրագիրը միտված է խրախուսելու տեղական երիտասարդական աշխատանքի ձևավորմանն ու զարգացմանը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչմանը, միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։