Ամառանոցային 2 թաղամասի շուրջ 5000 բնակիչներին  թաղամաս հասցնող ընդամենը 1 երթուղի կա, որն աշխատում է մինչև ժամը հինգը։ Բնակիչների այս խնդրին մեկն էլ է ավելացել։  Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմամբ պայմանավորված՝  փակվել է բնակավայրը Ա1 թաղամասի հետ կապող կարճ  ճանապարհը։ Հիմա ստիպված են շուրջ  2 կմ ոտքով անցնել Ա1 թաղամաս հասնելու համար։



Աշտարակ-Բաբաջանյան-Արգավանդ ճանապարհը գնացող  հատվածն է։ Մենք էդպես կարճ ճանապարհով պետք է դուրս գանք Ա1 թաղամաս․ Ամառանոցային 2 թաղամասի բնակիչ Արթուրը բացատրում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումից  առաջ  Ա1 թաղամաս հնարավոր էր հասնել կարճ  ճանապարհով։

Հիմա այդ հնարավորությունը չկա, ճանապարհն արգելապատնեշներով փակված է։ Ճանապարհի երկայնքով, ի դեպ,  գնացքի գծեր են, բայց  մարդիկ գերադասում են  այդպես գնալ, քանի որ մյուս ճանապարհով  պետք ոտքով շուրջ 2 կմ քայլեն, որ հասնեն Ա1 թաղամաս։  Իսկ  այն Ամառանոցայինի բնակիչների համար կարևոր  օղակ է, քանի որ  դպրոց,մանկապարտեզ, խանութներ՝  բոլոր ենթակառուցվածները  գտնվում են հենց այդ տարածքում։ «Ռադիոլուրը» լսել է բնակիչների բողոքը։ 



«Մի հատ կամուրջ սարքեն, որ մենք գանք գանք։ Թե չէ վաղը երեխեն որ դպրոցից ուշացավ, կգա էս պանելի վրայից կթռնի կանցնի, բայց կարողա ընկնի մեքենայի տակ»։

«Երբ ճանապարհների  գծագրերը գծում  են, անասունի անցնելու տեղ են թողում, բայց մենք մի անասունի չափ չկանք։ Հուսով ենք, որ մեր հարցը կլուծվի։ Մենք մտածում էինք, որ մոստ կքցեն ու  բայց նման անակնալի բերեցին, շատ վատ էր»։



Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը բնակիչների բողոքն առաջին անգամ «Ռադիոլուր»-ից էր լսում։  Ասաց, որ երբեք թաղապետարան բողոք չեն ներկայացրել, բայց եթե ներկայացնեին էլ, շատ բան չէր փոխվի, քանի որ այդ տարածքով անցնում է Հյուսիս-հարավ ճանապարհը։ Բացի դրանից՝  այնտեղ, որտեղ գնացքի գծեր են, կամուրջ կառուցել հնարավոր չէ։



«Ես Ռուսատանի փոխդեսպանի հետ շրջել եմ այդ ամբողջ տարածքով, Նա էլ է կարծում, որ նորմալ չի,  որ մարդիկ գնում-գալիս են  գնացքի գծերի վրայով, եթե այդ կարճ ճանապարհով գնացել են, դա դեռ  չի նշանակում, որ ճիշտ են արել։ Ու եթե վաղը մի պատահար լինի, ապա կգաք ու մեզ դատի կտաք»,-ասաց զրուցակիցս։



Ամառանոցային  2 տարածքի բնակիչները նշում էին, որ այդ երկու կմ-ը պետք է ոտքով անցնեն, քանի որ տրանսպորտ չի գործում,աշխատում  է միայն 34 համարի երթուղայինը,այն էլ մինչև ժամը հինգը։ Հինգից հետո քաղաքի որևէ վայրից Ամառանոցային  2 թաղամաս հասնելու համար կամ պետք է տաքսի նստել կամ դարձյալ հին ճանապարհով ոտքով գալ։ Թաղապետն այս խնդրից տեղյակ էր, բայց լուծումն, ասում է, առաջիկա ամիսներին չի տրվի։

«34 համարը մասնավոր երթուղի է, ու նրա պայմանագիրը սպառվում  է փետրվար-մարտ ամիսներին, որից հետո մենք նոր մրցույթ պետք է հայտարարենք ու խնդիրը նոր կկարգավորվի»։

Բնակիչներին, սակայն, այս լուծումը չի բավարարում։ Նրանք ավելի արագ ու կոնկրետ քայլեր են ակնկալում։ Իսկ վարչական շրջանի ղեկավարը  նշում է, որ յուրաքանչյուր հինգշաբթի ընդունում է  քաղաքացիներին․ բնակիչները կարող են խնդիրներն  անձամբ իր հետ քննարկել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն