Դեռևս մեկ ամիս առաջ, Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկել էր բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի գործընթացը, որին ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնը։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:



ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ՝ քննարկելու փողոցային առևտրի կասեցման ուղղությամբ գրանցված արդյունքները: Իսկ արդյունքները եղել են տպավորիչ, ինչն արձանագրել են սննդամթերքի անվտանգության ոլորտի պատասխանատուները՝ շրջելով հանրապետության երկրորդ քաղաքի շուկայամերձ փողոցներում։



Ինչպես ներկայացրել է Դավիթ Առուշանյանը, արդեն մաքրվել են Արագած, Շահումյան փողոցների և Հաղաթանակի պողոտայի մայթերը, Լաչինի միջանցք կոչվող տարածքը, ապամոնտաժվել են տաղավարներին կից կառույցները, իսկ առևտրականներին իրենց գործունեությունը շարունակելու համար առաջարկվել են այլ տարածքներ:



«Փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող անվտանգ լինել և այստեղ մեկնարկած գործընթացը խիստ կարևոր է հանրային առողջության ապահովման տեսակետից։ ՍԱՏՄ-ն այս միջոցառումների դրական ելքի ամենաշահագրգիռ կողմերից է»,- շեշտել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալին հանձնվելով շնորհակալագիր՝ կատարված աշխատանքում ներդրած ջանքերի համար: Շնորհակալագիր է հանձնվել նաև ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն