Պատին փակցված օրացույցում օգոստոսի 24-ը կարմիր շրջանակում էր, երբ դեռ 24-ը չէր։ Աղավնոյում՝  նորակառույց  տան խոհանոցում  Գայանեն տնամերձ հողամասում աճեցրած լոլիկն է լվանում, որը հասած մրգի քաղցրություն ունի։



 Տան տարբեր անկյուններում կահկարասիի փոխարեն արկղեր են՝ բանջարեղենով լցված։   Կինը ներսուդուրս է անում եւ երեխաներին հրահանգում  փչացնել  իր ամիսների աշխատանքը, արմատախիլ անել թփերը։  Արցունքները հոսում են դեմքով․  Գայանեն չի շտապում մաքրել։ Հայացքում զայրույթ չէ․ անորոշություն է։

  Հերթական անգամ սենյակ մտնելուց  հետո բացում  է հեռախոսն ու ցույց տալիս տեսանյութը․

«Եկել էին`  ծայրից ծայր սեղան էր  գցված։ Երեւի  70-80 մարդ կլիներ այստեղ։ Տեսնեիք՝  ոնց էին շնորհավորում, ուրախանում, որ վերջապես Մասիսը ( ամուսինն է- խմբ․)   տուն է ստանում»։

Ցույց տալով  տան դիմացի քարե կիսաքանդ պատը՝ 36-ամյա կինը շարունակում է․« Մենք այդ փլատակում  ենք տարիներով ապրել»։

Արմատներով Տեղ գյուղից Գայանե Իսահախանյանն ու Մասիս Բադասյանը 17 տարի է ապրում են Աղավնոյում , որից 16-ը՝ այդ  փլատակում, եւ  ընդամենը մեկը՝  նորակառույց տանը։

 Կարմիր տանիքով նորակառույց տան բանալիները  ընտանիքը ստացել  է 44- օրյա պատերազմից հետո՝  2021թ  մայիսի 9-ին։   

Գայանեն, որը Աղավնոյի դպրոցում է աշխատել, պատմում է՝ ինչպես է պարտքով հյուրասենյակի եւ ննջարանի կահույքը գնել։  Միայն երեք երեխաների մահճակալներն էին մնացել, այն էլ գնել չհասցրեց․ «Որոշել էի այս տարվա արձակուրդայինով գնել, այն էլ․․․»։

Ինչպես Աղավնոյի մնացած բնակիչներին, այնպես էլ  նրանց մինչեւ օգոստոսի 25-ը գյուղից դուրս գալու ժամանակ է տրվել․ նրանց տանը, ենթադրվում է, ադրբեջանցիներն են ապրելու։ 

 Մայիսը լուռ ծխում է բակում՝ չցանկանալով հանրայնացնել մտքերը։  5-ամյա Արամայիսը ցատկոտում է մետաղական մահճակալի  վրա, դեսուդեն վազում՝ այդպես էլ չհասկանալով՝ ինչու են տխուր հարազատները։

«Պատերազմից ժամանակ գնացել էինք, էլ ինչու վերադարձանք։  Դպրոցն ինչու էր վերանորոգվում։ Այսպիսի շատ հարցեր, որ մնում են անպատասխան։ Եթե պիտի հանձնվեր, էն վախտը հանձնեին ու վերջ»,- ի տարբերություն ամուսնու՝ մտքերը բարձրաձայնում է Գայանեն։ 

Հիշում է՝ 2020թ-ին,  44-օրյա պատերազմի ժամանակ ինքը գյուղից դուրս է եկել նոյեմբերի 8-ի երեկոյան, այն էլ ստիպված։ Հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո մտածել էր, որ էլ չեն վերադառնալու գյուղ։   Ասում է՝ ինքն էլ , երեխաներն էլ շատ են ուրախացել  հնարավորությամբ, որ վերադառնում են Աղավնո։   



Գայանեի ընտանիքը Տեղ գյուղում է հաստատվելու, բայց շատ դժվարությամբ են տարածք գտել, որի համեմատ իրենց նորակառույց տունը ապարանք է։  Ասում  է՝  պետությունը աջակցություն է խոստացել տուն գնելու, վարձակալության գումարները տալու համար։

«Բայց  հո միայն վարձը չի, որ պետությունը խոստանում է տալ։ Ես, օրինակ, հիմա պիտի իմ բոստանով բանկաներս փակեի, ձմեռն ապրեինք։  Ես ամեն-ամեն ինչ արել եմ, հիմա․․․»,- ասում է Գայանեն։  Նրա ամուսինը հաշմանդամություն ունի․ ամեն աշխատանք չի կարող անել։

Ծաղիկ այդպես էլ չցանեցի, սիրտս չուզեց։ Փոխարենը՝ անփուշ մոշ դրեցի,- հանկարծ ասում է երիտասարդ կինը ու զայրացած պոկում թուփը․ «Գոնե սա չթողնեմ ադրբեջանցիներին, գոնե...»։

 Այս ընթացքում փոքրիկ Արամայիսը բացում է խաղալիքը, որը նրան Ալմաստն է նվիրել։



Ալմաստ Եսայանը  գիդ-վարորդ է, եկել է Աղավնոյի՝  դեռեւս չհեռացած բնակիչներին գոնե հոգեբանորեն նեցուկ լինելու։  44-օրյա պատերազմի ժամանակ , նաեւ հիմա  իր ընկերուհու հետ օգնում է արցախցի ընտանիքներին  տարբեր հարցերում, նաեւ ֆինանսական։

Նրա մեքենայում Աղավնոյի երեխաների համար քաղցրավենիք ու խաղալիք է, որն ինքն է գնել, ընկերներն ու նաեւ անծանոթ մարդիկ են փոխանցել, երբ Ֆեյսբուքում  գրել  էր այստեղ գալու մտադրության մասին։

  Արամայիսը հրաժարվում է կոնֆետից։ «Ատամներս փչանում են»,-  ու ցույց է տալիս սեւացած կաթնատամները։

Ալմաստը արտասվում է՝ նայելով  թփերը հողից պոկող երիտասարդ կնոջն ու նրա երեխաներին։ Գայանեին բերքը հավաքել օգնում են Տեղ գյուղում ապրող նրա ծնողները։ Մայրը համապատասխան  բառեր է ընտրում՝  «իր աղջկան գաղթական դարձնողների հասցեին»։

Իսկ  հարեւան տան իրերով բեռնված մեքենան այդ պահին հեռանում էր  Աղավնոյից։   Գայանեն էլ այսօր արդեն Աղավնոյում չէ։

Կարինե Ասատրյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն