Երևանյան բակերում այս օրերին լայն թափով ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ ու կանաչապատ միջավայր ապահովել բնակիչների համար: Ծրագրերի ընթացքին աշխատանքային այցերի շրջանակում ծանոթանում է Երևանի քաղաքապետը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Սարգսյանն այս անգամ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում էր:



Աջափնյակի խիտ բնակեցված 16-րդ թաղամասի առաջին շղթան ամբողջությամբ բարեկարգվում է: Այս պահին ընթացքի մեջ են կանաչապատման աշխատանքները: Համայնքի նախաձեռնած ծրագրի շրջանակում թաղամասում բնակիչների հանգստի համար ապահովվել են լիարժեք պայմաններ:



Ոռոգման նոր համակարգ կանցկացվի նաև 16-րդ թաղամասի երկրորդ շղթայում: Այն հնարավորություն կտա կանաչապատման ծավալուն աշխատանքներ տանել բակային տարածքում:

16-րդ թաղամասի ֆուտբոլի խաղադաշտը ևս կբարեկարգվի: Առաջարկը փոքրիկ ֆուտբոլասերներինն էր, որոնք քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին անձամբ ներկայացրին պայմանները:



Դավթաշեն վարչական շրջանում ծանոթանալով կենտրոնական այգու պայմաններին՝ Երևանի քաղաքապետը հանձնարարեց հանգստի այս գոտին ևս ներառել բարեկարգման ծրագրերում:

Մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում առանձնակի է կարևորված գրունտային ճանապարհների նորոգումը: Հողային պաստառով այս փողոցները ոչ միայն դառնում են լիարժեք երթևեկելի, այլև կարևոր դերակատարում են ունենում երթևեկության բեռնաթափման համար: Դավթաշենում ևս նմանատիպ մեկ ճանապարհ է կառուցվում:

Լայն թափով իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ նախանշվում և նախագծվում են նոր ծրագրեր: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է գործնական ընթացք տալ դիտարկվող նախագծերին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն