Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի բժշկական կենտրոններ: Ոլորտի պաշտոնյաների հետ վարչության պետն այց կատարեց Տաշիրի և Ստեփանավանի բժշկական կենտրոններ։ Տնօրենների և բուժանձնակացմի ուղեկցությամբ եղել է կենտրոնների աշխատասենյակներում և հիվանդասենյակներում՝ զրուցելով բուժանձնակազմի և տեղում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հետ:



Նա բուժհիմնարկների ղեկավարներին հորդորել է ավելի հետևողական լինել քաղաքացիների պահանջներին, ավելի բարձրացնել բուժսպասարկման որակը, բարեխղիղճ ու պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

-Մեր ողջ ուժերը պետք է կենտրոնացնենք և մեր քաղաքացիներին պետք է տրամադրենք բարձրորակ բուժսպասարկում։ Շատ կարևոր է, որ հիվանդները տեղում բուժվելու հնարավորություն ունենան ու նման հարցերով հնարավորինս քիչ դիմեն մարզի այլ համայնքների և մայրաքաղաքի բուժհաստատություններ,-բուժանձնակազմի հետ զրույցում նշել է Ռ․ Պողոսյանը:



Տաշիրը և հարակից համայնքները սպասարկող բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անախասյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, առկա խնդիրներն ու հեռանկարները։ Նա տեղեկացրել է, որ հաստատության հիմնական խնդիրները շենքային պայմաններն են, բժիշկ-մասնագետների սակավությունը, ունեն նաև որոշ բուժսարքավորումների կարիք։ Կենտրոնը վերջերս ձեռք է բերել արյան կլինիկական և արյան բիոքիմիական հետազոտության սարքեր։ Չնայած դրան՝ բժշկական անձնակազմը անում է ամեն հնարավորը քաղաքացիներին պատշաճ սպասարկելու համար:

Ռուզաննա Պողոսյանը հայտնել է, որ կառավարության աջակցությամբ այս խնդիրներին շուտով լուծում կտրվի։ Կառավարության որոշմամբ Տաշիրի ԲԿ–ի համար կառուցվելու է նոր շենք՝ 30 մահճակալային ֆոնդով և բուժսարքավորումների հագեցվածությամբ։



Մարզպետարանի պաշտոնյաները այցելել են նաև Ստեփանավանի ԲԿ, որը ևս վերջերս հագեցվել է նոր սարքավորումներով, մասնավորապես՝ արյան ընդհանուր կլինիկական հետազոտության, նոր թվային ռենտգեն և լապարասկոպիկ սարքավորումներով, գործիքների չորացման պահարանով։ Տնօրեն Անուշ Իսպիրյանը ներկայացրել է սարքավորումների հնարավորությունները։ Ստեփանավանի ԲԿ-ում ևս նեղ մասնագետների կարիք կա:

Ռուզաննա Պողոսյանը եղել է նաև բժշկական կենտրոնի ախտաբանաանատոմիական բաժանմունքում, որը վերջերս է վերանորոգվել հաստատության ֆինանսական միջոցների հաշվին, այժմ այն համապատասխանում է սահմանված նորմերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն