Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Starmus VI փառատոնի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության և գիտության ոլորտը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ STARMUS 6-րդ փառատոնի անցկացումը ևս գիտության զարգացման կարևորագույն նախաձեռնություններից է:
Փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացմանն առնչվող տեխնիկական և բովանդակային բազմաբնույթ հարցեր:
Նիստի ավարտին ամփոփելով բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նման լայնամասշտաբ և հեղինակավոր միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:
Նիստին մասնակցել է նաև փառատոնի համահիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը: