Ֆոտոռեպորտաժ․ հրետակոծված Աղիտուն և Վերիշենը
«Ռադիոլուր»-ի նկարահանման թիմը թշնամու նշանառության տակ հայտնված մի քանի բնակավայրերում է եղել, մասնավորապես, Սյունիքի Աղիտու և Վերիշեն համայնքներում, զրուցել բնակիչների հետ, փորձել հասկանալ ստեղծված իրավիճակը։
Սեպտեմբերի 13. Ջերմուկ քաղաք տանող ճանապահը հսկվում է, լրատվամիջոցների մուտքը հնարավոր է միայն ՊՆ թույտվությամբ, որն էլ չի ստացվում։ Վերադառնում ենք Վայք։ Հիմնական ճանապարհի վրա մարդաշատ Ֆուդկորտում տարբեր մարդկանց հետ ենք խոսքի բռնվում։ ՀԴՄ սարքը վրաներս լեզու է հանում, վաճառողը արդեն որերորդ անգամ պոկում է այդ լեզուն ու տալիս ձեռքներս։ Թվում էր՝ կիլոմետրեր կրճատելը տեղեկատվություն հայթայթելուն կօգնի, բայց միայն թվում էր։ Ջերմուկի մասին հակասական տեղեկություններ ենք լսում, բայց քանի որ ինքներս քաղաքում չենք եղել և չենք համոզվել, հրապարակելու հիմք չկա։
Սեպտեմբերի 14․ Վայքի քաղաքային հիվանդանոց ենք գնում։ Վիրավորներ կան։ Բժիշկները մի քիչ հուզված, մի քիչ իրար խառնված իրենց պարտականություններն են կատարում։
Շարժվում ենք Աղիտու՝ գյուղ Սյունիքի մարզում։ Ճանապարհին գյուղի բնակիչների ենք հանդիպում, որոնք ցույց են տալիս հենց այդ պահին նշանառության տակ գտնվող գյուղը։ Գյուղի բնակիչների հետ խոսելուց հետո շարժում ենք Գորիս։
Վերիշեն համայնքի բնակիչ Գուրգեն Հարությունյանը մաթեմատիկայի ուսուցիչ է։ Ասում է՝ աշակերտներից մեկն էր զանգահարել՝ իմանա ոնց է։ «Ասեցի՝ ողջ-առողջ եմ, այնպես որ ձեր մաթեմատիկայի բանաձևերը չսովորելու պլանը ձախողվեց, անպայման հարցնելու եմ, կսովորեք»։
Վերիշենի մեկ այլ բնակիչ՝ Սամվել Դադունցը, պատմում է, որ հարվածից հետո մոտ 30 րոպե պահանջվեց, որ փոշին նստի և նոր կարողացավ հասկանալ, թե որքան է տունը վնասվել։