ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքում արձանագրում է ադրբեջանական ԶՈւ ագրեսիայի հետևանքով հասցված վնասը
ՄԻՊ փաստահավաք խումբը Սյունիքի մարզում է, որտեղ արձանագրում է սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում հասցված վնասը։
Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։
Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ, ինչի հետևանքով վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Արձանագրվել է, որ տուժել են նաև ընտանի կենդանիներ՝ երկու կով անկել է, կան նաև վնասվածք ստացած կենդանիներ։
Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում։
Մարզում ՄԻՊ փաստահավաք խմբի աշխատանքները շարունակվում են։