Գերեվարված, հետո սպանված զինծառայող Դավիթ Գիշյանի գործով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը դիմել է Եվրադատարան՝ պահանջելով Ադրբեջանի դեմ անհապաղ կիրառել հրատապ միջոց: ՄԻԵԴ ուղարկված նոր դիմումը պայմանավորված է գերության մեջ ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանի սպանությամբ: Շաբաթ Հայաստանին փոխանցված 32 դիերի մեջ էր նաև Գիշյանի մարմինը: Մինչդեռ հարձակումից ժամեր անց ադրբեջանական տելեգրամ ալիքները հրապարակել էին տեսանյութ, թե իբր օգնում են վիրավոր հայ զինծառայողին:
Հասմիկ Սամվելյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ) - Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Դիմել ենք նաև 3-րդ հոդվածով, դա պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից:
ՄԻԵԴ-ն ավելի վաղ Բաքվին պարտավորեցրել էր մինչև սեպտեմբերի 22-ը տեղեկություն տրամադրել ադրբեջանական տեսանյութերում երևացող հայ գերիների մասին: Եվրոպական բարձր ատյան Հայաստանը դիմել է՝ հորդորելով չսպասել վերջնաժամկետին, արագ միջանկյալ միջոց կիրառել: Տեղեկությունը կուղարկվի նաև Հաագայի դատարան: Եվրոպական դատարանում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար պետք է իրականացվի հետաքննություն:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Երբ հակառակորդի զինվորը վիրավոր է, ապա պետությունը պարտավոր է պաշտպանել նրա կյանքի իրավունքը: Պետք է իրականացվի արդյունավետ քննություն, կյանքի իրավունքը պետք է ապահովված լինի ընթացակարգային իրավունքով, որ հնարավոր խախտումների դեպքում բացահայտել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել, պաշտպանել մարդու իրավունքը: Ադրբեջանը պարտավոր է այդ քննությունն իրականացնել, և եզրահանգումները արձանագրված լինեն դատավարական փաստաթղթերում:
Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում: Հրապարակումներից, ըստ նրա, երևում է, որ հայ զինծառայողին ադրբեջանցիների ցուցաբերած բուժօգնությունը հրահանգված բեմականացվել և նկարահանվել է՝ համացանցում տարածելու համար: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ կա ևս մեկ նման տեսանյութ, աշխատանքներ են տարվում անձին նույնականացնելու համար: Նա նաև նշեց, որ շարունակվում են աշխատանքները գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները դիմումներ են ներկայացնում թե՛ փաստաբանական խմբին, թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակ:
Էսկալացիայի տարածքներում որոնողական աշխատանքների համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության մեջ է:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Մեր աջակցությունը կարող է տեղի ունենալ երկու կողմի համաձայնության, երկու կողմի անվտանգության երաշխիքների, որ ընթանան հարթ, տան արդյունքներ: Սպասողական ենք, թիմերը պատրաստ են:
Հայ զինծառայողների դիերի փոխանցմանը մարդասիրական կառույցը չի ներգրավվել, բայց կառույցի դատաբժշկական փորձագետները աջակցում են նույնականացման գործընթացին: Զառա Ամատունու խոսքով՝ շարունակում են հավաքել տեղեկություններ հնարավոր գերիների, անհետ կորած համարվող անձանց վերաբերյալ: Միաժամանակ, աշխատում են կողմերի հետ ճշտելու անձանց գտնվելու վայրը, գերեվարված անձանց վերաբերյալ ստանալու հաստատումներ, ինչի հիման վրա արդեն կդիմեն տեսակցության համար: