«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա ամերիկահայ դիրիժոր Պետրոս Շեթիլյանը։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգին դիրիժորը կղեկավարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։
«ԿԵԱԿ «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում հայազգի հանրահայտ արտիստներ, որոնք նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Հայազգի դիրիժորներին ու մենակատարներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով՝ ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը»,-նշում է նախագծի համակարգող, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։
Սեպտեմբերի 30-ի համերգի ծրագրում Մոցարտի, Շոստակովիչի, Կոմիտաս/Ասլամազյանի և Դանիել Երաժշտի ստեղծագործություններն են։
Պետրոս Շեթիլյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (Յուրի Տեմիրկանովի դասարան)։ Նա աշխատել է այնպիսի միջազգային ճանաչում ունեցող նվագախմբերի հետ, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկը և Մոսկվայի կամերային նվագախումբը: Շեթիլյանը դիրիժորության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար պարգևատրվել է Ռուսաստանի մշակութային հիմնադրամի մեդալով և պատվոգրով։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական փառատոների, ինչպիսիք են Մոսկվայի Զատկի և Շվեդիայի Բորգհոլմսի միջազգային երաժշտական փառատոնները և շրջագայել է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Շվեդիան և Ֆինլանդիան: Վերջերս Շեթիլյանը մասնակցել St. Petersburg Palaces International Music Festival-ին, որտեղ ղեկավարել է Մոցարտի Ռեքվիեմը և արժանացել քննադատների բարձր գնահատականին։ Մեկ այլ հատկանշական իրադարձությունը Շեթիլյանի համերգն էր London Mozart Players-ի հետ Սուրբ Ջոն Սմիթ հրապարակում:
Պետրոս Շեթիլյանը նաև ձեռնադրվել է Հայ Առաքելական եկեղեցու քահանա և ներկայումս ապրում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում` համատեղելով իր երաժշտի և հոգևորականի կոչումները:
Հավելենք, որ «Հայահավաք» նախագիծը իրականացվում է 2021 թվականից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: