Սեպտեմբերի 13-14-ին թշնամու հարձակումից առավել տուժած բնակավայրերից առողջարանային քաղաք Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին։

 
«Առողջարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, բանկերն ու քաղաքի տարբեր ենթակառուցվածքները անցնում են իրենց բնականոն գործունեությանը»,- գրել է Ջերմուկի համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
 
Երեկ Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից էլ հայտնեցին, որ գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։
 
Panorama.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը նախ ասաց, որ քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է, կրակոցներ չեն լսվում։
Նա նշեց, որ արդեն 10-15 օր է սկսել են աշխատել ենթակառուցվածքները։ Բանկերը խանութները, դպրոցները բացելու գործընթացի մեջ են։
 
Ջերմուկի փոխքաղաքապետի խոսքով, հարձակման առաջին օրը քաղաքի բնակչությունը գրեթե ամբողջովին հեռացել էր, քաղաքը դատարկվել էր, հիմա աստիճանաբար վերադառնում են, քաղաքի բնակչության թիվն օր-օրի ավելանում է։
Վնասված շինությունները, որոնք հրատապ վերականգնման կարիք ունեին՝ կապված գազի, հոսանքի, ջրի, ճանապարհների հետ, աշխատանքներ արվել են։
«Հետագա գնահատումներ են կատարվում, արդեն կառավարության օժանդակությամբ պետք է իրականացվեն»,- ասաց Վ.Սարգսյանը։
 
Հարցին՝ ինչ եք կարծում, զբոսաշրջիկներ կգա՞ն Ջերմուկ, Ջերմուկը որպես առողջարանային քաղաք կրկին կունենա՞ այն աշխուժությունը, որն ուներ մինչ վերջին ռազմական գործողությունները, նա նշեց, որ երեկվա դրությամբ արդեն կային հյուրեր, հյուրանոցներն արդեն հյուրեր էին ընդունում՝ հայեր, օտարազգիներ։
«Ընթացքը տեսնենք ինչպես կլինի, դժվար է միանշանակ ասել»,- պատասխանեց Ջորմուկի փոխքաղաքապետը։
 
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
 
Թշնամին հրետակոծել էրՋերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, Ջերմուկի ուղղությամբ կիրառել է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր։
 
«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,- ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ տեղեկացնելով, որ Ջերմուկ քաղաքից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կիլոմետր։
 
Ջերմուկը՝ թշնամու հարձակումից մի քանի օր անց






Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն