Օրեցօր ավելի ագրեսիվ դարձող հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ լուրջ խնդիրներ, ընդհուպ մինչև ազգային անվտանգության սպառնալիք է առաջացնում։ Հարձակումները ամեն կողմից են, այդ թվում նաև ներքին աղբյուրներից։ Նման իրավիճակներում հակակշռման ռազմավարություն մշակված է, սակայն այն դեռ հաստատաված չէ։ Պետությունը դեռևս տեղային լուծումներ է տալիս։ Որո՞նք են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի ամենասուր արտահայտվող զենքերը և ո՞ւմ կողմից են դրանք կիրառվում։

Փորձագետներն արձանագրում են, որ սեպտեմբերի 13-ից հետո ավելի է սրվել Հայաստանի դեմ տարիներ շարունակ ակտիվ ընթացող հիբրիդային պատերազմը։ Հարձակումն, ըստ նրանց, բոլոր կողմերից է ու բոլոր ուղղություններով։ Հիմնական գործիքը ապատեղեկատվությունն է, հիմնական թիրախը՝ մեդիագրագիտության ու կիբերգրագիտության թերի գիտելիքներով մարդիկ։ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է՝ այժմ թշնամին օգտագործում է ևս մեկ գործիք․ փորձում է հանրային ընկալման մեջ ներարկել հուսալքության, բացարձակ անելանելիության ու վերջնական դատապարտվածության զգացում․



«Վերջերս տարածված վիդեոները՝ կանանց խոշտանգման դեպքերը, զինվորների սպանության տեսանյութերը բոլորովին պատահական չեն։ Հասկանալի է, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ սա երկարաժամկետ կտրվածքում իրավական դիվանագիտության տեսանկյունից իրենց վնասելու է, լինելու է մեր կարևոր հիմքերից մեկը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, ՄԻԵԴ-ում և այլն։ Իրավական տեսնակյունից մենք այստեղ իսկապես շահելու ենք, բայց, կարծում եմ՝ Ադրբեջանը այս դեպքում լուծում էր կարճաժամկետ խնդիր՝ հուսահատության, վախի, սարսափի մթնոլորտ տարածելով մեր բնակչության շրջանում։ Եվ մենք դրա մաս ենք կազմում, մենք ինքներս տարածում ենք այդ ամենը»։

Աբրահամյանը կարծում է, որ չեն կիրառվում կանխարգելիչ հաղորդկացության մեխանիզմները։ Դրա վերջին, շոշափելի օրինակը Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հրապարակված հայտարարության արձագանքն է․

«Արդեն Ադրբեջանական թելեգրամյան էջերում խրախճանք է սկսվել, որ վերջ՝ Հայաստանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում և այլն։ Հասկանալի էր, որ սա պիտի լինի, և հասկանալի էր, որ սրան նախընթաց որոշակի գործողություններ պետք է արված լինեն»։



ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը գտնում է, որ պաշտոնական տեղեկատվությունը կարող է մեղմել արտաքին մեսիջների ազդեցությունը ճգնաժամային իրավիճակում, սակայն խնդիրը, այդ տեղեկատվության նկատմամբ վստահության բացակայությունն է։

«Տեղեկատվական խնդիրները Հայաստանում ավելի խորացան պաշտոնական տեղեկատվության նկատմաբ ճգնաժամի ձևավորումից հետո, որը ստեղծվեց 20 թվականի պատերազմից հետո։ Պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունը խիստ անկում ապրեց, և մենք ստիպված էինք դրանից հետո մանր քայլերով վերականգնել վստահությունը Եթե լիներ լրիվ խաղաղ իրավիճակ, գուցե հեշտ լիներ, բայց քանի որ պարբերաբար գտնվում ենք հիբրիդային պատերազմների մեջ, վստահությունը վերակագնելը բարդ է»։

Ստացվում է փակ շղթա, երբ հիբրիդային պատերարզմի առկայությունը չի թողնում վստահել պաշտոնական տեղեկատվությանը, դրա նկատմամբ վստահության բացակայությունը՝ մեղմել հիբրիդային պատերազմը։ Նման դեպքում երբեմն պաշտոնական տեղեկատվություն պարզապես չի հնչում, ինչը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի ղեկավար Աննա Նաղդալյանի կարծիքով, էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում․



«Պետք է վերացվի այն ինֆորմացիոն վակուումը, որը երբեմն ստեղծվում է արտակարգ իրավիճակների ժամանակ։ Դա թույլ է տալիս, որ թատերաբեմ դուրս գան ոչ այնքան հասկանալի դերակատարներ, որոնք կարողանում են ահռելի ռեսուրս ու ուժ մոբիլիզացել։ Ու հասարակության ներսում այլընտրանքի բացակայությունը ազգային անվտանգության սպառնալիք է դառնում»։

Նման իրավիճակում չճշտված տեղեկատվություն տարածող, տագնապ, խուճապ առաջացնող ու հիբրիդային պատերազմում երկրին թուլացնող դերակատարներին չեզոքացնելու համար առաջարկվում է փակել նրանց ինքնադրսևորման հարթակները՝ սոցցանցերը։ Սակայն մասնագետները սա էլ արդյունավետ լուծում չեն համարում․ դրանք հաղորդակցության դոմինանտ ուղիներն են և աշխարհին ճշմարտության մասին պատմելու միակ տարբերակը։ Գայանե Աբրահամյանը կարծում է, որ լուծումը նրանց հակակշռող այլ կարծիքի առաջնորդներ ստեղծելն է․

«Եթե տեսնում ենք, որ որևէ մեկը պետությանը և հասարակությանը սպառնացող գործողություններ է անում, բայց մարդիկ լսում են նրան, ուրեմն պետք է «ստեղծել» ու «աճեցնել» այլ ինֆլյուենսերներ, որոնք ավելի ճիշտ տեղեկատվություն կմատուցեն, կուղղորդեն հանրային գիտակցության ձևավորումը, որովհետև, ի վերջո, այս թվային դարաշրջանում ինֆլյուենսերներն են այդ գիտակցությունը ձևավորում։ Սա ցավալի է, դպրոցը չի ձևավորում, դարի ողբերգությունն է, բայց սա իրողությունն է, որի հետ պետք է հաշվի նստել»։



Փորձագետներից ոնանք պնդում են, որ պետությունը ճգնաժամային կառավարման ռազմավարություն չունի և լուծումները տրվում են տեղային, իմպրովիզային մակարդակում։ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Գոռ Ծառուկյանը նշում է, որ խնդիրը բյուրոկրատիայով պայմանավորված ուշացումներն են․ ռազմավարություն կա, սակայն հավանության արժանանալը երկար ժամանակ է պահանջում․

«Ծրագիրն ընդգրկում է պետական ամբողջ համակարգը, ինքը պետք է ստանա շատ բարձր մակարդակից հավանություն, իսկ այդ հավանություն ստանալը, թեկուզ փոքր դետալների փոփոխության կարիքի դեպքում, հետաձգվում է։ Հիմա այդ հետաձգման իրավիճակում ենք, թեև ինքը կա, սակայն թարմացման կարիք ունի և հույս ունենք, որ այդ փոփոխությունները տեղի կունենա ու հնարավոր կլինի գործարկել»։



ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը բյուրոկրատիայից բացի մեկ այլ խնդիր էլ է տեսնում։ Նրա կարծիքով՝ համակարգը պատրաստ չէ նորարարությունների, սակայն դրանք կարող են լինել մեծ ռեսուրսներով թշնամուն հակազդելու միջոց․

«Ռեսուրսները անհավասար են, մենք միանգամից 2-3՝ մեզնից բազմակի անգամ ավելի շատ ֆինանսական ու մարդկային ռեսուրս ունեցող պետությունների հետ ենք կռվում և այստեղ կարևոր են կրեատիվ լուծումները։ Բայց սովորաբար պետական բյուրոկրատիան կրեատիվին դեմ է լինում, որովհետև մարդիկ սովոր են ամեն ինչ անել ինչպես արել են մշտապես, ու երբ ինչ–որ ինովացիա է գալիս, շատ դժվար է դա ներս բերել»։

Մասնագետները ընդգծում են, որ այս հարցում պետական մարմինները ապավինում են քաղաքացիական հասարակության աջակցությանը։ Սակայն թշնամու կողմից համակարգված ու սինքրոնիզացված հիբրիդային հարձակումներին տարերային արձագանքել հնարավոր չէ։ Նրանք գտնում են, որ պետությունը պետք է ունենա բոլոր իրավիճակներում գործողությունների քարտեզ մատնանշող ռազմավարություն, որին աջակցել քաղհասարակությունը դեմ չի լինի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն