Պետական բյուջեի միջոցներով վերականգնվում են պատմության և մշակույթի հուշարձաններ. շարունակվող աշխատանքներ
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էր իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
Հուշարձանների վերականգնման ծրագրում, որպես հրատապ անհրաժեշտություն, տարվա ընթացքում ավելացել են ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման և ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կատարել վերականգնվող հուշարձաններ՝ տեղում աշխատանքային խնդիրների քննարկման և ավարտվածության աստիճանի վերահսկման նպատակով:
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի (կառուցված 19-րդ դարի վերջում) վթարային վիճակը հաշվի առնելով` ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնումը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Այս տարի նախատեսված է իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին:
Քոբայրավանքի սեղանատուն
10-13-րդ դդ. հիմնադրված ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի հատվածում սեղանատան վերականգնման աշխատանքներն ընթանում են ծրագրին համաձայն: Չնայած բարձրադիր և դժվարամատչելի դիրքին` աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և կավարտեն 2023 թվականին:
Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և Լոռի բերդ ամրոցի պարիսպ
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ծածկասալերի քանդման աշխատանքներից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն:
Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները մեկնարկել են ամռանը:
Վերոնշյալ բոլոր աշխատանքներն ընթանում են բնականոն հունով՝ համաձայն ժամանակացույցի, և ներկա պահին կատարված է աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսը:
Ավարտված աշխատանքներ
ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման և ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքներն ամբողջովին ավարտված են:
Վերականգնման և նորոգման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին: