Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում այսօր հյուրընկալել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:



ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը:



ՀՀ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար և մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքի վերաբերյալ:



ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի պարոն նախագահ, արդեն կարելի է ասել՝ ավանդաբար մենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի աշնանային նստաշրջանն անցկացնում ենք Երևանում: Երեկ անցկացրինք նեղ կազմով նիստը, և պետք է ասեմ, կարծում եմ՝ գործընկերներն էլ կհամաձայնվեն, որ բավական արդյունավետ նիստ էր: Ընդունեցինք մի շարք կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն ԵԱՏՄ հետագա զարգացմանը:

Ընդհանրապես աշնանային նիստը Միջկառավարական խորհրդի ամփոփիչ նիստն է:

Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ Հայաստանի Հանրապետության համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է:

Սա իսկապես տպավորիչ փաստ է: Ստացվում է՝ կյանքի է կոչվում այն բանաձևը, երբ ասում ենք, որ դժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ, և մենք պետք է շարունակենք սերտ աշխատանքը, որպեսզի օգտագործենք այդ հնարավորությունները: Ուրախ եմ, որ առաջ ենք շարժվում հենց այս ուղղությամբ:

Այսօր մեզ է միացել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովը: Նա կմասնակցի ընդլայնված կազմով նիստին: Ուզբեկստանը դիտորդ երկիր է Եվրասիական տնտեսական միությունում, ինչը շատ ուրախալի է: Հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր ևս կունենանք լավ, արդյունավետ և արգասաբեր նիստ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն