«Ներուժ 3.0»․ իր աշխատանքներն է սկսել սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիը
Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք:
Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի նախարարությունը ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։
«Ծրագրի հիմքում շատ կարևոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով և աշխատելով աշխարհի տարբեր վայրերում, դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակներում՝ այժմ հանդես եք գալիս նաև այդ երկրների տեխնոլոգիական ոլորտի դեսպաններ:
Սիրելի՛ մասնակիցներ, ձեզանից յուրաքանչյուրը՝ դիմելով այս ծրագրին, կարևոր առաքելություն է ստանձնել. վերադառնալով հայրենիք, ձեր նորարարական գաղափարներն ու նախագծերը հայրենիքում կյանքի կոչելով՝ ներդրում ունենալ մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը: Մեր սպասելիքներն այս ծրագրից շատ են. ձեզանից ակնկալում ենք նոր, հետաքրքիր գաղափարներ և մոտեցումներ, մշակումներ ու լուծումներ: Եվ հավատացած ենք, որ «Ներուժ 3.0»-ի ավարտին հայկական տեխնոլոգիական ոլորտում ստեղծվելու են նոր արժեքներ, որոնք կարող են լուրջ նախադրյալ լինել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է իր բոլոր ռեսուրսներով աջակցել ծրագրի մասնակիցներին, որպեսզի նրանք շատ արագ հաստատվեն Հայաստանում և իրենց ստարտափը վերածեն կայուն զարգացող բիզնեսի:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, և, առհասարակ, համահայկական ծրագրերի շուրջ: «Հայ ժողովրդի մեծագույն ազգային հարստությունը մարդկային կապիտալն է, որի միջուկը հենց ինքը մարդն է: Ի տարբերություն բնական ռեսուրսների՝ մարդկային կապիտալը և հատկապես սփյուռքի ներուժը ճիշտ, նպատակային օգտագործելու դեպքում այն կարող է շարունակաբար վերարտադրվել: Դեռևս 2018-ին, երբ առաջին անգամ անցկացվում էր այս ծրագիրը, մենք նպատակ ունեինք խթանել մասնագիտական հայրենադարձությունը, նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Այսօր էլ նոր մասնագետների ներգրավման կարիք ունենք: Կարող ուժերը, նոր գաղափարները, թարմ մոտեցումները կբերեն աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությանը և նոր մշակույթի ձևավորմանը: Սիրելի՛ ներուժցիներ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ ու նայենք իրականության աչքերի մեջ, իսկ այդ իրականությունը լի է փորձություններով և մարտահրավերներով։ Եվ փոխանակ առաջ շարժվենք՝ հայտնվել ենք մեղավորների հավերժ փնտրտուքի մեջ։ Եվ ուրեմն, առաջարկում եմ դուրս գալ մեղավորներ փնտրելու այս շրջափուլից, և մեր եռանդը, ջանքն ու կարողություններն ուղղենք մարտահրավերներին դիմակայելուն և զարգացման նոր հորիզոններ բացահայտելուն»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ համառոտ ներկայացրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, այն զարգացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ռազմավարությունն ու տեսլականը:
«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։
Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։
Լավագույն նախագծերն այս անգամ ևս կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարներն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի:
Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:
Առաջին մրցանակի արժանացած ստարտափ նախագծին կշնորհվի 20 մլն դրամ, երկրորդ մրցանակակրին՝ 15 մլն դրամ, երրորդ մրցանակին արժանացած ստարտափին՝ 10 մլն դրամ։
Նշենք, որ դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը: