Հնդկաստանում տեղի է ունեցել Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը
Հոկտեմբերի 18-21-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայացել է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են 174 երկրի 700-ից ավելի ներկայացուցիչներ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորել է միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված է եղել ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի: Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Միջազգային հանցավորության դեմ պայքարում հիմնական քննարկման թեմաներն ընդգրկուն են եղել՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքար, կիբեռհանցավորություն, երեխաների սեռական շահագործման դեմ պայքար և այլն:
Վեհաժողովի ավարտին ընդունվել են մի շարք հիմնարար որոշումներ:
2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվել է որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն: