Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստանը։
Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, անդրադարձ կատարել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի:
Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ:
Անդրադառնալով հումանիտար խնդիրներին` նախարար Միրզոյանն ընդգծել է Ադբրեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: