Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի յոթ տասնյակից ավելի ընկերություններ են մասնակցում Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 28-ին բացված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2022» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։



Հայաստանը չի կարող դառնալ գազային կամ նավթային հաբ, բայց մեր երկիրն ունի բոլոր հիմքերն առողջապահական տուրիզմի և դեղագործության տարածաշրջանային կենտրոն դառնալու համար»,- բացման իր խոսքում նշեց   Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։



Նրա գնահատմամբ՝ այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ տարված են, և գործընթացը շարունակական է։ ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ ցուցահանդեսի ներկայացուցչականությունն ու ոլորտային բազմազանությունը վկայում է, որ արտերկրի ընկերությունները Հայաստանում տեսնում են հեռանկարային շուկա, այդ թվում՝ արտասահմանյան համատեղ ծրագերի իրականացման առումով։



Հոբելյանական՝ թվով 20-րդ, ճյուղային ցուցահանդեսում գործում են կանխարգելման և կլինիկական բժշկությունների, ախտորոշման, ատամնաբուժական, դեղագործության, մայրության ու մանկության բժշկական սարքավորումների, հիգիենայի թեմատիկ բաժինները։ Իրենց առանձին համատեղ տաղավարներով են ներկայացված Մոսկվայի մարզի և Մոսկվա քաղաքի ընկերությունները։ Միայն վերջինում ընդգրկված են երկու տասնյակ կազմակերպություններ։



Ցուցահանդեսի օրերին նախատեսված են առանձին շնորհանդեսներ, երկկողմանի բանակցություններ։



«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2022»-ն աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 30-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն