Մանկական Եվրատեսիլի 20-րդ պտույտը Հայաստանում է․ ի՞նչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին
Դեկտեմբերի 11, Հայաստան, 20-րդ Մանկական Եվրատեսիլ։ Հայաստանում արդեն շուրջ 10 ամիս պատրաստվում են դեկտեմբերին կայանալիք Մանկական Եվրատեսիլին։ Նախորդ տարի մրցույթում Հայաստանի պատվիրակ Մալենայի հաղթանակից հետո Երևանը հայտարարեց՝ պատրաստվում է եվրատեսիլյան 20-րդ պտույտը բերել Հայաստան։
20-րդ Մանկական Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի 14–ամյա Նարե Ղազարյանը։ Նա ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել ոչ միայն Հայաստանից, այլև տարբեր երկրներից: Նարեն խոստովանում է՝ պարն ու երգը իր օրվա անբաժան մասն են, իսկ Եվրատեսիլը՝ արդեն իրականացած երազանքներից մեկը։
«Խոսք եմ տալիս, որ անպայման Հայաստանը շատ լավ կներկայացնեմ։ Շատ ուրախ եմ, որ Մանկական Եվրատեսիլը լինելու է հենց Հայաստանում։ Հուսով եմ, որ իմ ապագա ընկերներին կկարողանամ լավ ներկայացնել իմ երկիրը»,– ասում է Նարեն։
Կազմակերպիչներն ու Նարեն խոստանում են՝ շուտով նաև ընտրված երգը կներկայացնեն հանրությանը։ Երգի տեքստը հիմնականում հայերեն է, բայց ունի նաև անգլերեն հատվածներ՝ ասում է «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու Անուշիկ Տեր–Ղուկասյանը։
«Մեծ դժվարությամբ է ընտրվել երգը, շատ–շատ ենք քննարկել, քանի որ շատ տարբերակներ ունեինք։ 3 օր առաջ վերջնականապես ընտրել ենք երգը, արդեն աշխատանքային պրոցեսի մեջ ենք, որպեսի հասցնենք նաև տեսահոլովակը նկարահանել։ Երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, գործիքավորումն անում է Նիկ Եգիբյանը։ Շատ դրական երգ է և ամենակարևորը՝ Նարեին համապատասխան»։
«Պտտիր հրաշքը» խորագիրը կրող Եվրատեսիլի խորհրդանիշը կախարդական հոլն է։ Կազմակերպիչները խոստանում են մասնակիցներին անպայման հոլ պտտել սովորեցնել։
«Այս տարի Մանկական Եվրատեսիլը իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով երեխաներին ուրախություն բերող այս անվերջ շրջապտույտի վրա, մենք ընտրել ենք հոլը, որը նաև խիստ հայկական է, բայց միաժամանակ ծանոթ՝ աշխարհի բոլոր երեխաներին։ Մենք այս տարի բոլոր երեխաներին հրավիրում ենք հավատալու հրաշքին, և մեր կարգախոսն էլ հենց այդպիսինն է ու ամբողջությամբ փոխանցում է եվրատեսիլյան դրական տրամադրությունը»,– ասում է «Մանկական Եվրատեսիլ 2022» ծրագրի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը։
Երևանը եվրատեսիլյան գույներով կներկվի արդեն դեկտեմբերի 4-ից։16 երկրի պատվիրակություն կժամանի Հայաստան, իսկ միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառի լույսերը վառելու արարողությամբ, որին կմասնակցեն բոլոր մասնակիցները։ Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն ասում է, որ նախապես պայմանավորվել են Երևանի քաղաքապետարանի հետ ՝ այս տարի տոնական եղևնին ավելի շուտ տեղադրել, եվրատեսիլյան տոնական տրամադրությանը նաև ամանորի հրաշքը գումարելու համար։
«Նոյեմբերից սկսած մեր հայրենակիցները կսկսեն քաղաքում զգալ եվրատեսիլյան շունչը ու տրամադրությունը։ Իսկ երբ պատվիրակությունները ժամանեն Երևան, քաղաքում բազմաթիվ միջոցառումներ կլինեն։ Ընթացքում կլինի նաև մշակութային մաս, մասնակիցները իրենց զբաղված գրաֆիկի ընթացքում կհասցնեն այցելել պատմամշակութային վայրեր, կծանոթանան Հայաստանին ու հայկական մշակույթի հետ»,– ասում է Ծերունյանը։
Հոբելյանական 20-րդ Մանկական Եվրատեսիլը Հայաստանում հյուրընկալելը լրացուցիչ պատասխանատվություն ու պատիվ է, ասում են կազմակերպիչներչը։ Նրանք խոստանում են՝ անակնկալների պակաս հանդիսատեսը չի ունենա։ Եվրատեսիլի 20-րդ տարելիցը նշելու համար հայկական կողմը Երևան է հրավիրել նաև մրցույթի բոլոր տարիների հաղթողներին։
«Այս ելույթը կլինի ամենահետաքրքիրն ու սպասվածը։ Բանակցությունները, իհարկե, դեռ ընթանում են, բայց հաղթողների մեծամասնությունը կլինի այստեղ, կկատարեն նաև իրենց հաղթող երգերը, շատերին կտեսնենք արդեն մեծացած լրիվ այլ կերպարներում»,– պատմում են կազմակերպիչները։
Այս պահին արտասահմանցի մասնագետները հայ դիզայներների ու կազմակերպիչների հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցութային բեմն են կառուցում։ Դավիթ Ծերունյանը պատմում է՝ նախապես հայտարարված մրցույթին բազմաթիվ հայտեր են ստացել և ընտրել են լավագույն, ժամանակակից լուծումներով հարուստ բեմի տարբերակը։
«Մեզ համար նաև շատ կարևոր էր, ելնելով նաև մեր փորձից, որ բեմը հարմար ու ճկուն լինի բոլոր մասնակիցների ու պատվիրակների համար։ Բոլոր երկրները գալիս են իրենց ստեղծագործական կազմերով, իրենց պատկերացումներով ու շատ կարևոր է, որ ընտրված բեմը հնարավորություն տա իրականացնելու բոլորի պատկերացրած մանկական հրաշքը»,– ասում է Դավիթ Ծերունյանը։
Մանկական եվրատեսիլի տոմսերի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի երկրորդ տասնօրյակից։ Տոմսերի արժեքը կտատանվի 5-30 հազար դրամի միջակայքում։ Կազմակերպիչները, փակագծերը չբացելով, վստահեցնում են, որ անակնկալներ կլինեն նաև բուն շոուի ընթացքում։
«Ես ուզում եմ վստահաբար ասել, որ ոչ մի տարվա Եվրատեսիլին չի զիջելու մեր այս տարվա շոուն, մենք օր ու գիշեր աշխատում ենք, որ ունենանք մաշտաբային ու անակնկալներով լի օր»,– ասում է Անուշիկ Տեր–Ղուկասյանը։
Մանկական Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակը՝ Նարեն բեմում միայնակ չի լինի։ Նրան կընկերակցեն պրոֆեսիոնալ պարողներ։ Հայկական պատվիրակության անդամները, կազմակերպիչներն ու Նարեն չեն բացառում, որ հաղթանակի դեպքում Հայաստանը մյուս տարի էլ մեծ սիրով կընդունի Մանկական Եվրատեսիլը։