Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Կատսանիոտիսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:



Պարոն Անդրեաս Կատսանիոտիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Անդրեաս Կատսանիոտիսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն