Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի համիշխանին
Հոկտեմբերի 28-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ) ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Անդորրայի համիշխան, Իսպանիայի Ուրխելի եպիսկոպոս Գերաշնորհ Ժոան-Էնրիկ Վիվես Սիսիլիային:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Անդորրայի համիշխանը շնորհավորել է ՀՀ դեսպանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Անդորրայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան և կամրապնդվեն:
Դեսպան Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերահաստատել է իր հանձնառությունը՝ ակտիվ գործունեությամբ նպաստելու երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության խորացմանը։