«Անմահների դիրքը» ներկայացումը՝ «մեր խղճի պատմությունն է, մեր հոգու պատմությունը»
Նախօրեին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացել է «Անմահների դիրքը» բեմադրության առաջնախաղով:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսոր Վահան Խաչատրյանի բեմադրության հիմքում Էդուարդ Զորիկյանի «Անմահների երկիրը» պիեսն է:
«Ներկայացումը մեր խղճի պատմությունն է, մեր հոգու պատմությունը: Փորձերի ժամանակ շատ են եղել «լռության րոպեներ»: Հաճախ էինք ինքներս մեզ հարցնում՝ արդյո՞ք մենք արժանի ենք Նրանց մասին խոսելու»,-ասել է բեմադրող ռեժիսոր Վ. Խաչատրյանը:
«Անմահների դիրքը» ներկայացումը հայրենիքի ամեն մի թիզ հողի համար կռիվ տված տղաների մասին է: Նրանք հայրենիքն ու հայ ժողովրդի լինելիությունը պահել-պաշտպանելը բարձր դասեցին իրենց կյանքից:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնի դերասանուհի Մարիա Սարգսյանը մարմնավորել է լրագրողի կերպարը, ով եկել էր դիրքերը նկարահանելու, երբ սկսվեց պատերազմն ու հայտնվում է շրջափակման մեջ: Նրա կերպարը ներկայացման բանալին է, որի միջոցով բացվում են մյուս բոլոր հերոսների պատմությունների շերտերը:
ԼՂՀ Ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանի մարմնավորած հերոսն Արցախի գյուղերից մեկի բնակիչ է, ով մասնակցել է առաջին պատերազմին, սակայն նրա երկու զավակները զոհվել են հրադադարի օրոք դիպուկահարի կրակոցից հենց այն դիրքում, որն այժմ ինքն է պաշտպանում:
Դերասան Մարատ Դավթյանն էլ կերպավորել է հրամանատարին, ով պատանեկան տարիքից միանալով ինքնապաշտպանական ջոկատներին, մի ամբողջ կյանք է ապրել խրամատում, որտեղ իր զոհված զինվորների անուններն են փորագրված: Սկսած Հայկ Նահապետից մինչ այսօր՝ հայոց հողի յուրաքանչյուր սանտիմետրին, յուրաքանչյուր դիրքում կանգնած են հանուն հայրենիքի նահատակվածների հոգիները. այս է «Անմահների դիրքը» ներկայացման ասելիքի առանցքում: