Փաշինյանի ելութը Ռուսաստանի և Իրանի ակնհայտ փոխանցմամբ էր. Թևանյան
Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրեջանն ուզում է Արցախում հայերի ցեղասպանություն իրականացնել, ապա դրանից հետո պետք է նաև հայտարարի, որ իր քաղաքական հայեցակարգը լիովին տապալվել է։ Պետք է հայտարարի, որ հրաժարվում է «Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե առաջնային է, այլ բխում է արցախահայության անվտանգության ու իրավունքների ապահովումից» սկզբունքից։ Բայց նման բան մենք չենք տեսնում։ Տեսնում ենք ընդամենը մի բանի արձանագրում, որի մասին մենք բազմիցս ահազանգել ենք ու զգուշացրել։
Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ նա ընդամենն այս պահին գտնվում է ռուս–իրանական ճնշման տակ, որոնց շահերից է բխում Արցախում հայերի մնալն ու ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնավորելը, «Զանգեզուրի միջանցք» թույլ չտալը, Հայաստանի գոյությունը։
Նիկոլ Փաշինյանի մոտ բան չի փոխվել։ Պարզապես նա այս պահին Արևմուտքից ավելի քիչ է ճնշում զգում, քան ռուս–իրանական զույգից, դրա համար էլ «բացահայտել» է, որ Ալիևն ուզում է ցեղասպանություն իրականացնել։ Ինքը կողմնորոշվում է ըստ իշխանությունը պահել–չպահելու հնարավորության։ Ահա և նրա վարքագծի ամբողջ մոտիվացիան։